կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-26 14:47
Քաղաքական

Ֆրանսիան կօգնի Հայաստանին դեպի ԵՄ տանող ամբողջ ճանապարհին. Ֆրանսիայի դեսպան

Ֆրանսիան կօգնի Հայաստանին դեպի ԵՄ տանող ամբողջ ճանապարհին. Ֆրանսիայի դեսպան

«Մենք, բնականաբար, արդեն գիտենք Հայաստանի կայացրած որոշումը` անդամակցել Մաքսային միությանը, բայց, այդուհանդերձ, մենք արտահայտել ենք նաեւ մեր ցանկությունը` շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր մնացած ոլորտներում ու բոլոր ձեւաչափերով»,- լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ այսօր Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա ընթացքի վերաբերյալ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

 

Այս առումով դեսպանը նշեց, թե Ֆրանսիան չի կարող չողջունել Հայաստանի վճռական տրամադրվածությունը, կամքը` ոչ միայն շարունակել իր համագործակցությունը ԵՄ-ի հետ, այլեւ շարունակել խորացնել առկա գործընկերությունը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, շարունակեց դեսպանը, ապա ՀՀ-ն քաջ գիտակցում է, որ իր այդ ցանկության մեջ կարող է լիահույս լինել, որ Ֆրանսիան մշտապես օժանդակելու, սատարելու եւ մշտապես օգնելու է Հայաստանին` իրականացնելու իր նմանատիպ ցանկությունը:

 

«Ցանկացած ձեւաչափ, ցանկացած ոլորտ, որոնք ուղղված կլինեն Հայաստան-Եվրամիություն կապերի ամրապնդմանը, ցանկալի են, իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիային, էլի եմ կրկնում, Հայաստանի կողքին կլինի` օժանդակելու, սատարելու, օգնելու, իր ցանկացած կայացման որոշմանն օժանդակելու հարցում: Ես Ֆրանսիայի դեսպանն եմ Հայաստանում, ու ընդամենը կարող եմ ուղեկցել եւ օժանդակել Հայաստանին դեպի Եվրոպա տանող ճանապարհի ողջ ընթացքում»,- ասաց Անրի Ռենոն:

 

Լրագրողների հարցին` անակնկա՞լ էր արդյոք ՀՀ նախագահի` Մաքսային միությանը միանալու ցանկության մասին հայտարարությունը, դեսպանը պատասխանեց, թե ցանկացած դիվանագետի կոչում առաջին հերթին ենթադրում է` անակնկալի չգալ այն ամենից, ինչ ասվում կամ լինում է: