կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-28 19:29
Հասարակություն

Երեւան-Բաթում չվերթային բլեֆ

Երեւան-Բաթում չվերթային բլեֆ

Մոտ 10 օր առաջ Նատալյա Հարությունյանը Երեւան-Բաթում-Երեւան չվերթի տոմսեր է գնում «Արմավիա»-ի` Սայաթ-Նովա եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում գտնվող գրասենյակից: Չվերթի օրը` երկու օր առաջ, պարզվում է, որ նման չվերթ գոյություն չունի:

«Նախորդ օրը ես զանգեցի «Զվարթնոց» օդանավակայան, եւ ոչ ոք չգիտեր այդ չվերթի մասին: Սկսեցի վախենալ, զանգեցի «Արմավիա», աղջիկը համակարգչով մեր տոմսերը ստուգեց, ասաց, թե վախենալու բան չկա, չարտերային թռիչք է»,- պատմեց Նատալյան եւ նշեց, որ հաջորդ օրը, արդեն երբ օդանավակայանից են զանգել «Արմավիա», իրենց ասել են, թե չվերթը պետք է սպասարկեին Georgian Airways-ի ինքնաթիռները, խափանման մեղքը նրանցն է:

Իսկ Georgian Airways-ը, իր հերթին, մեղքը գցել է «Արմավիա»-ի վրա` ասելով, թե չվերթները հանվել են, եւ «Արմավիան» պետք է դրա մասին տեղյակ պահեր, քանի որ ինքն է տոմսերը վաճառել:

Ինչեւէ, քանի որ Բաթումում նախապես հյուրանոցային համար էր պատվիրել, Նատալյան արագ հետ է տալիս տոմսերը եւ մեկնում գնացքով: Նա ասաց, որ տոմսերը հետ են վերադարձրել Մոսկովյան եւ Բաղրամյան փողոցների խաչմերուկում գտնվող` «Արմավիա»-ի գրասենյակում եւ դրանց դիմաց ստացել են այնքան, ինչքան վճարել էին:

Այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք «Արմավիա» ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովային: Վերջինս ասաց, թե «Արմավիա»-ն դեպի Բաթում որեւէ չվերթ չունի եւ չի էլ պլանավորում ունենալ. «Դեպի Բաթում չվերթ չունենք ցուցակի մեջ, եւ ես չեմ կարող ասել, թե ով է փող աշխատել «Արմավիա»-ի անունից»:

Իսկ թե պատրաստվո՞ւմ են դիմել դատախազություն` պարզելու համար, թե ովքեր են իրենց անվան տակ աշխատում, Ն. Ավետիսովան ավելի ուշ պատասխանեց. «Եթե ուղեւորը տոմս է գնում «Արմավիա»-ի գրասենյակից, ապա չի նշանակում, թե չվերթը պետք է «Արմավիա»-ն իրականացնի: «Արմավիա»-ն ունի պայմանագրեր շատ այլ ավիուղիների հետ եւ իրավունք ունի նրանց տոմսերը վաճառելու»: