կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-28 14:33
Տնտեսական

Բյուջեի նախագծերը կներկայացվեն չորս օր շուտ

Բյուջեի նախագծերը կներկայացվեն չորս օր շուտ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում բոլոր նախարարություններին հանձնարարեց հաջորդ տարվա բյուջեի նախագծերը ֆինանսների նախարարությանը ներկայացնել չորս օր շուտ, որպեսզի սեպտեմբերին խնդիրներ չառաջանան:

«Մենք սեպտեմբերին բազմաթիվ միջոցառումներ ենք ունենալու` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին, եւ որպեսզի բյուջեի կատարողականի հետ խնդիր չունենանք եւ 2012թ. բյուջեն ժամանակին կարողանանք պլանավորել, անհրաժեշտ է, որպեսզի դուք նախագծերը ֆինանսների նախարարություն ներկայացնեք ոչ թե օգոստոսի 6-ին, այլ օգոստոսի 2-ին»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքերով` բյուջեի ծախսային մասով մշտապես առաջանում են խնդիրներ, քանի որ ծախսերն ամբողջությամբ չեն կատարվում. «Ե'վ 2011թ. առաջին եռամսյակը, ե'ւ կիսամյակն այդ առումով բացառություն չեն. մենք 40 միլիարդից ավել ծախսեր չենք կատարել, դա ունի նաեւ օբյեկտիվ պատճառ, քանի որ մենք կատարում էինք կառուցվածքային փոփոխություններ` ԾԻԳ-երի գործունեությունն էինք կանոնակարգում: Արդյունքում 2011-ի առաջին կիսամյակում ունենք որոշակի հետաձգված ծախսեր, որ կատարելու ենք երկրորդ կիսամյակում: Որպեսզի մենք 2012-ի բյուջեն կատարենք ծախսային մասով ավելի հարթ, անհրաժեշտ է, որ այս տարվա նոյեմբերին արդեն հայտարարենք մրցույթներ այն բյուջեի նախագծի շրջանակներում, որը օգոստոսին կքննարկվի կառավարությունում և սեպտեմբերին կհաստատվի»:

Ինչ վերաբերում է բյուջեի կատարողականի կարգապահությունը բարձրացնելուն, ապա Տիգրան Սարգսյանի խոսքով, պետք է 2012թ. ներդրվի հետևյալ ռեժիմը. եթե ըստ եռամսյակների ծախսային հոդվածները չեն կատարվի 15 տոկոսից ավելի, ապա այդ գումարներն անհապաղ ֆինանսների նախարարությունը կփոխանցի պահուստային ֆոնդ:

«Սա բավական խիստ ռեժիմ է լինելու և անհրաժեշտ է, որ մենք ձեզ հետ միասին 2011 թվականից արդեն ունենանք մրցութային բոլոր փաստաթղթերը և արդեն 2011թ. հայտարարենք հաջորդ տարվա մեր ծախսային ծրագրերը»,- հայտարարեց կառավարության ղեկավարը: