կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-03 17:14
Քաղաքական

Չե՞ք պատրաստվում առաջիկայում «Պետական բյուջեի նախագծերը Սյունիքում հնագույն ժամանակներից» թեմայով ատենախոսություն գրել. Փաշինյանը` Խաչատրյանին

Չե՞ք պատրաստվում առաջիկայում «Պետական բյուջեի նախագծերը Սյունիքում հնագույն ժամանակներից» թեմայով ատենախոսություն գրել. Փաշինյանը` Խաչատրյանին

2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեց մարզպետարանի կայքում արված այն հրապարակման մասին, որ Սյունիքի մարզպետը խորհրդակցություններ է անցկացրել, և հացի գինը տարբեր ժամանակներում երկու անգամ նվազել է: Պատգամավորին հետաքրքրում էր, թե ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով է մարզպետն «իջեցնում» հացի գինը, երբ պաշտոնական տվյալներով` Սյունիքի մարզում հացի սակագինը 17,5 տոկոսով բարձր է, քան հանրապետության մյուս մարզերում:

Փաշինյանի մյուս հարցն էլ վերաբերում էր մարզպետի ատենախոսությանը: «2014-ին բոլորս մեծ ուրախությամբ տեղեկացանք, որ գիոտությամբ եք զբաղվում և «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում» թեմայով ատենախոսություն եք գրելու պատմափիլիսոփայության դոկտորի կոչում ստացել: Հետո պարզվեց, որ ոչ թե պատմափիլիսոփայության, այլ պետական կառավարողի կոչում եք ստացել: Այդյոք չե՞ք պատրաստվում շարունակել Ձեր գիտական գործունեությունը և առաջիկայում «Պետական բյուջեի նախագծերը Սյունիքում հնագույն ժամանականերից» թեմայով ատենախոսություն գրել»,- հարցեց նա:

Սուրիկ Խաչատրյանը Փաշինյանին համակ ուշադրությամբ լսելուց հետ արձագանքեց.«Ձեր հարցերը վարման կարգի հետ կապ չունեն, ես չեմ պատասխանում»:

Նշենք նաև, որ նիստի ավարտից հետո լրագրողները նույն հարցերն ուղղեցին մարզպետին և հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ չպատասխանեց Նիկոլ Փաշինյանի հարցին: «Դեմագոգների հարցերին չեմ պատասխանում»,- ասաց Խաչատրյանը:

Հարցին, թե ինչո՞ւ են մարզպետն ու իր ընտանիքի անդամները մշտապես աղմկահարույց միջադեպերի կենտրոնում հայտնվում, պատասխանեց. «Գնացեք ձեր գործերին»: