Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ո՞վ գիտե, ուր է նա հիմա. արդյո՞ք նորից՝ հոգին շքեղ երազների մեջ՝ գրկել է և ամուր սեղմել մանր ու չնչին մարդկանց կոշիկները իր առնացի, հերոսական սրտի վրա և համբերությամբ կարկատում՝ իր վերջին պարտքը կատարելով թոռնիկի հանդեպ, թե գոյության կռվի դաժան ալիքները, որ այնպե՜ս զորեղ են աղքատներին փշրելու, որ այնպե՜ս գռեհիկ են դեպի մեծություններն ու գեղեցկությունները, վերջնականապես խորտակել են այդ չքնաղ բեկորը և հողերին հավասարեցրել ու որբուկին թողել ապերախտ հայրենիքից դուրս, նյութապաշտ մարդկանց մեջ՝ խեղճ ու անօգնական...
«Գարիբալդիականը»
Ավետիք Իսահակյան
Պատերազմների մասնակիցները դրանց ավարտից հետո միջազգային ընդհանրացված անվանմամբ կոչվում են պատերազմի վետերաններ: Արցախյան շարժմանը հաջորդած պատերազմը գրականացված հերոսական բնորոշումներով սկսեց արտահայտվել, որովհետև բանակային հասկացությունները մտովի դեռևս կապվում էին խորհրդային իրականության հետ, իսկ մեր պայքարինը հարաբերվում էր 19-րդ դարավերջի ազգային-ազատագրական շարժման հետ: Ահա այս պատճառով զինվորի փոխարեն ավելի ընկալելի էր ազատամարտիկը, զորամասի փոխարեն՝ ջոկատը, պատերազմի փոխարեն՝ ազատամարտը: Իրապես, հոգեբանորեն անսովոր էր Արցախյան ազատամարտի մասնակիցներին պատերազմի վետերան անվանելը, և մինչև հիմա էլ նրանց բնորոշում ենք որպես ազատամարտիկ: Հայկական իրականությունում, որքան էլ տխուր ու ցավալի է, կարծում ենք, ճիշտ կլինի նրանց կոչել Արցախյան պատերազմի գարիբալդիականներ:
19-րդ դարի վերջին տասնամյակներից հայկական ազատագրական պայքարի համար խորհրդանշական հասկացություն են եղել Իտալիան և Գարիբալդին՝ համահունչ մնալով նաև Արցախյան պատերազմին հետևյալ չորս պատճառներով. Առաջին՝ պատմական այն մեծ ընդհանրության համար, որ կար մասնատված և անկախությունը կորցրած Իտալիայում բռնկված ապստամբության և Արցախյան պատերազմի միջև: Երկրորդ՝ երկու դեպքում էլ պայքարն ավարտվեց հաղթանակով, որով առավել է մեծանում պատմական ընդհանրությունը: Երրորդ՝ երկու դեպքում էլ բավական շուտ մոռացվեցին պատերազմի ծանրությունը կրած զինվորները, և վերջապես չորրորդ՝ համեմատության համար սովորաբար ընտրում են գրական ընդհանրացված հասկացություններ:
Մեր գրականությունում հայրենիքի ազատության համար մարտնչած և այնուհետև անկախացած հայրենիքի կողմից անտեսված հերոսի թերևս միակ խորհրդանիշը Ավետիք Իսահակյանի «Գարիբալդիականը» պատմվածքի հերոսը՝ ծերունի Ջիովանին է: Նա, ով երիտասարդական տարիներին հաղթական մարտերով անցնելով Լոմբարդիայի ծաղկուն դաշտերով, այնուհետև իր երազած Իտալիայում հողին էր հանձնելու բանվորական ցույցի ժամանակ գնդակահարված որդուն և վշտից մահացած հարսին, ապա թոռանը գրկած և սրտի վրա կրելով Ջուզեպպե Գարիբալդիի նկարը՝ գլխիկոր գնալու էր դեպ օտարություն, ուր վշտով և դառնությամբ ասելու էր. «Այնքան թանկ արյուններով՝ դրսի թշնամիներից, օտար տերերից ազատված Իտալիան ընկավ մի նոր տեսակի գերության մեջ մեր արյունակից տերերի ճանկն ընկավ, հարուստների և կառավարության պաշտոնյաների»:
Այս պատմվածքը Վարպետն, ասես գրել էր մեր օրերի համար: Նույն այս պատմվածքը, սակայն, նաև մեկ անգամ ևս սովորեցնում է, որ Հայրենիքի զինվորի ամենամեծ հարստությունը հայրենիքի նվաճված ազատությունն է: Ջիովանիի կերպարն եմ միշտ հիշում, երբ տեսնում եմ մեր գարիբալդիականներին ֆիզիկական դժվարին աշխատանքներ կատարելիս: Մի անգամ կառուցվող մի շքեղ առանձնատան մոտով անցնելիս տեսա նրանցից մեկին՝ շինանյութի ծանր պարկն ուսին, որը պահել էր անբնական ձևով: Չգիտեի որն էր ճիշտ՝ մոտենա՞լը, թե՞ չճանաչելու տալով անցնելը:
Մինչ այս մասին էի մտածում, ինքը ձեռքով արեց ու նույն անբնական ձևով ուսից իջեցրեց պարկը ու կատակով ասաց. «Բա գոնե դու պետք է հասկանաս, որ պարկը այնպես եմ պահում, որ վզիցս ուսիս հասնող վերքը շատ չցավեցնի»: Այդ վերքը 1994 թվականի ապրիլին ստացել էր Թալիշի ազատագրման ժամանակ: Արցախյան ազատամարտից իր հետ միայն բերել էր սպիացած, բայց չփակված այդ վերքը, որի վրա հենված պարկերով էր հոգում իր ընտանիքի հացը: Պարկը գետնին դնելով ցանկացավ ողջագուրվել, բայց մտածեց, որ փոշոտ շորերով փաթաթվելը երևի ճիշտ չի լինի: Մինչ այդպես կմտածեր, ես իրեն փաթաթվեցի, և սկսեցինք հիշել դիրքերն ու մեր ընկերներին, և ապա անցանք երկրի հոգսերին ու ապշանքով նկատեցի, որ միակ բանը, որից նա չի խոսում, առօրյա կյանքի հոգսերն են: Եվ մեկեն նրա շորերի շինարարական փոշին մի այլ փայլ ու գույն ստացավ՝ խրամատների գետնի Մայր հողի գույնը: Եվ մայր հողի այդ գույնն ու վառոդախառն բույրն են, որ հայրենիքի հանդեպ անմեկնելի մի սիրով ու պատասխանատվությամբ թրծեցին մերօրյա գարիբալդիականներին:
Նրանց բոլորի համար հայրենիքի ճակատագիրը նման է իրենց չսպիացած վերքերին, որոնք անկախ նրանից, ուզես թե չուզես, շարունակ հիշեցնում են իրենց: Ուշադիր նայեցեք Արցախյան պատերազմի մասնակից մերօրյա բոլոր գարիբալդիականների աչքերին, և անկախ նրանից, թե որտեղ և ինչ վիճակում նրանք կլինեն, դուք նրանց հայացքի խորքում կգտնեք վերևից տեղացող գնդացրային կրակի ներքո բարձունքները գրավելիս և հրետանային հարվածներից ակոսվող բաց դաշտերում առաջ շարժվելով հակառակորդի խրամատները թռչելիս նվաճված այն հպարտությունը և հարստությունը, որը հնարավոր չէ ձեռք բերել որևէ կարողությամբ, դիրքով ու աստիճանով: Եվ այդ անկորնչելի հարստությամբ է, որ նրանք ապրում են որպես մերօրյա Գարիբալդիականներ:
ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ