կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-03 17:50
Առանց Կատեգորիա

Իլֆպետրովյան մերօրյա Ֆունտը` Աշոտ Սուքիասյան

Իլֆպետրովյան մերօրյա Ֆունտը` Աշոտ Սուքիասյան

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է Աշոտ Սուքիասյանը: Այս անուն-ազգանունով մարդը մեզ հայտնի է որպես օֆշորային սկանդալի հերոսներից մեկը: Մյուս երկուսը դեռևս ազատ են և շարունակում են իրենց վերապահված գործառույթները: Հարկ չկա ևս մեկ անգամ հիշեցնելու բուն գործը, քանի որ նույնիսկ տասը տարեկան երեխան գիտի, որ այս գործը հանգիստ կարող է դասվել երկրագնդում մինչ այդ տեղի ունեցած և մեծ հնչեղություն ստացած խարդախ գործարքների շարքին:

 

12 միլիոն դոլարը փոքր թիվ չէ, հատկապես` նման աղքատ և օր օրի աղքատացող երկրի համար: Եվ բնական է, որ այս գործից միակ տուժողի` Փայլակ Հայրապետյանի մոտ հույս է արթնացել, թե «սառույցը կոտրվեց»: Իրականում, այո, նրան չէր կարող չոգևորել Աշոտ Սուքիասյանի ձերբակալության փաստը, բայց մի շարք հարցեր երբ համադրում ես, դնում կողք կողքի, պարզվում է, որ այդ ոգևորությունը կարող է կարճ տևել: Ինչո՞ւ: Նախ` ուշադրություն դարձնենք, որ խարդախության գլուխը կանգնած հովանավորներն արդեն նախապատրաստել էին Աշոտ Սուքիասյանի հանձնվելու գործընթացը: Նա ամիսներ առաջ նամակով իր վրա վերցրեց  գործի ողջ պատասխանատվությունը: Ավելին` հանճարեղ հովանավորների հնարքը հասավ այն կետին, որ Հայաստանի իրավապահները հիմք չընդունեցին Կիպրոսից բերված փաստաթղթերի պատճենները և հայտարարեցին, թե պահանջել են բնօրինակները: Պահանջատերերը լավ գիտեին, որ փաստաթղթերի բնօրինակները ուղղակի չեն տրամադրվելու, նաև հասկանում էին, որ այդ ստորագրությունների փորձաքննությունը կարող են անցկացնել տեղում կամ ուղղակի պատվիրել եվրոպացի գործընկերներին, որպեսզի նրանք իրականացնեն փորձաքննությունը: Բայց ինչպես տեսնում եք, ոչ ոքի մտքով «չանցավ» գնալ նման քայլի: Ինչո՞ւ, կարծում եմ` պարզ է, որ դա կարող էր երկրորդ և ավելի մեծ սկանդալը դառնալ: Հետևաբար` որոշվեց, որ լավագույն տարբերակը Աշոտ Սուքիասյանի հանձնվելն է:

 

Փայլակ Հայրապետյանը չի լռում, հանրությունն արդեն ծիծաղում է իշխանության վրա, ամեն առիթով լրագրողները, ովքեր հիմնական «գաղջ» մթնոլորտի տարածողներն են, այս հարցը շահարկելով, ավելի են մթնոլորտը գաղջացնում, որոշ պատգամավորներ էլ ամեն առիթով օֆշորային սկանդալի մասին են խոսում և ամեն անգամ ԱԺ-ում վարչապետի հայտնվելիս այդ հարցն են անպայման բարձրացնում: Խոստովանենք, որ յուրացրած գումարն այդքան աղմուկ չարժեր, մանավանդ, երբ երկրի վերնախավում տիրում է այնպիսի բարձիթողի վիճակ, այնպիսի առուփախ, որ տպավորություն է, թե իշխանության ներսում «Պոմպեյի վերջին օրերն են»:

 

Փայլակ Հայրապետյանը, լավ հասկանալով, թե ինչ է կատարվում, «Առավոտ» թերթին ասել է. «Հայաստանի ղեկավարությունը մինչեւ հիմա գիտեր, թե ես Աշոտ Սուքիասյանի հետ եմ գործարքի մեջ մտել, չգիտեին, որ ես գործարքի մեջ մտել եմ ոչ թե Աշոտի, այլ հանրապետության վարչապետի հետ: Ես Աշոտին բոլորովին չեմ ճանաչել, դեմքով էլ չեմ ճանաչում: Այս գործում ներգրավված են և՛ վարչապետը, և՛ Նավասարդ Կճոյանը և՛ «Ամերիաբանկ»-ի տերերը: Պահանջում եմ, որ այս գործով հարցաքննվեն եւ առերեսում լինի նաեւ նրանց հետ, ու ես գնալու եմ մինչեւ վերջ»:

 

Իր պահանջներում պարոն Հայրապետյանը ճիշտ է, բայց նա դեռ չգիտի, որ, այո, առերեսումներ լինելու են, բոլորն էլ հարցաքննվելու են: Նա չգիտի մի շատ կարևոր բան ևս`, որ գողական օրենքներով, երբ մարդն իր վրա է վերցնում հանցագործության ամբողջ ծավալը և, ինչպես ընդունված է ասել, «պոեզ չի սարքում», նրա պատժաժամկետի տարիները մեղմ և «արագ» են անցնում: Իսկ Աշոտ Սուքիասյանը, հաշվի առնելով, թե ինչպիսի մարդկանց հետ է իրականացրել իր կոմբինացիան, միանշանակ միամիտ մարդ չէ: Միամիտ չեն նաև իշխանությունները: Միամիտ լինեին, նրան կձերբակալեին դեռ Ռուսաստանի մայրաքաղաքում, երբ օծվում էր Մոսկվայի հայոց առաջնորդանիստ Սբ Պայծառակերպություն եկեղեցին: Չէ՞ որ բացման հանդիսությանը ներկա էր նաև Աշոտ Սուքիասյանը: Բայց այն ժամանակ դեռ բոլոր հարցերը կարգավորված չէին, իսկ այժմ, երբ խարդախության մեջ կասկածվող երեք անձինք իրար մեջ արդեն հստակեցրել են իրենց ասելիքը, Աշոտ Սուքիասյանը հանգիստ խղճով գալիս է Թբիլիսի` ձերբակալվելու: Ինչ խոսք, Աշոտը կարող էր նաև ձերբակալվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, բայց խոստովանենք` այլ երկրում, այն էլ` Ինտերպոլի ներկայացուցիչների կողմից ձերբակալվելը շատ ավելի հնչեղ է և շատ ավելի է կասկածներ ցրում:

 

Այսպիսով` արձանագրենք, որ մինչ այս պահը ոչ ոք չի հերքել «Հետք»-ի հրապարակումը, բացի այն անհույս արդարացումներից, որ մարդկանց ծիծաղն էր շարժում, բայց այժմ այս ձերբակալությամբ բոլոր «արդարացումները» կհաստատվեն: Աշոտ Սուքիասյանն իր գործով ընկերներին «փուռը» չի տա: Դե, իսկ նրանք անպայման կհայտնեն իրենց երախտագիտությունը, և այս գործի հետ կապված բոլոր «գաղտնիքները» իր հետ մի քանի տարով ուղղիչ աշխատանքային գաղութ կտանի իլֆպետրովյան մերօրյա Ֆունտը:

 

Բ. Գասպարյան