կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-18 12:50
Քաղաքական

Թող մի պիտակ էլ ՀԱԿ-ն իրեն կպցնի

Թող մի պիտակ էլ ՀԱԿ-ն իրեն կպցնի

Եթե երկխոսության նպատակով կոմպրոմիսային խումբ է ստեղծվում, ուրեմն արմատական բառը պետք է հանվի ՀԱԿ-ից. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

«Այն, որ ասում են` ՀԱԿ-ը ներկայացնում է ամբողջ ընդդիմությունը, դա այդպես չէ, որովհետեւ մենք ունենք ե'ւ խորհրդարանական, ե'ւ արտախորհրդարանական ընդդիմություն, որն իրենց հետ չէ: ՀԱԿ-ը պարզապես ընդդիմադիր թիմ է, որը փոխել է իր սկզբունքը` արմատականից դարձել է կառուցողական, եւ երկխոսություն է ծավալվում թիմային խնդիրների շուրջ` կոալիցիոն թիմը ՀԱԿ-ի թիմի հետ նստում է երկխոսության»,- ասաց Տ. Կարապետյանը` նշելով, որ երկուստեք շահեր կլինեն` թիմային եւ քաղաքական, եւ այդ շահերը կլինեն` ապագա խորհրդարանի կամ կառավարության ձեւավորման հետ կապված:

Կարապետյանը նույնիսկ առաջարկեց, որ ՀԱԿ-ն իրեն էլ մի պիտակ կպցնի. «Ես չեմ տեսնում, որ ինչ-որ արմատական փոփոխություններ պետք է լինեն, դրա համար ասում եմ` թող պիտակը փոխեն: Մինչ այդ, որ մեղադրում էին Արթուր Բաղդասարյանին, ախք էին ասում, վախք էին ասում, հիմի թող մի պիտակ էլ իրենց կպցնեն ու շարունակեն այդ երկխոսությունը»:

Ըստ նրա` ՀԱԿ-ն ի սկզբանե եղել է ընդդիմադիր թիմ` ուժեղ եւ հզոր, որովհետեւ այնտեղ եղել են հին ֆորմատի օլիգարխներ, չինովնիկներ: Այդ ռեսուրսն ունենալով` ՀԱԿ-ը կարողացել է մտահոգել իշխանությանը, եւ իշխանությունը մտածել է, որ ավելի լավ է ՀԱԿ-ին ապագա խորհրդարանում ամբիոն տալ, քան թե այդ ամբիոնը լինի փողոցում, որտեղ, Աստված մի արասցե, այդ ուժերը դուրս գան հսկողությունից:

Ի դեպ, ԺԿ-ն մտադիր է մասնակցել առաջիկա ընտրություններին` լինի հերթական, թե արտահերթ: Թեպետ արտահերթ ընտրությունների հավանականությանը Տ. Կարապետյանը շատ քիչ է հավատում:

«Այդ հարցը դրված չէ որպես անկյունաքար, դա ուղղակի դրվում է, որպեսզի լեգիտիմանան այդ բանակցությունները: Եթե բանակցությունների ընթացքում արտահերթի հարցը քննարկվի էլ, ապա այդ հնարավորությունը չկա, որովհետեւ հերթական ընտրություններին մնացել է մի քանի ամիս: Հայաստանում չկա հնարավորություն ընտրվել մաքուր, նորմալ ձեւով: Այդ հարցը պետք է դրվի, ոչ թե ընտրությունների: Հայ ժողովուրդն իրավունք ունի արդար ընտրել եւ ընտրվել, դա կա՞` ոչ, մեխանիզմ կա՞` դարձյալ ոչ»,- ասաց նա` ավելացներով, որ ԺԿ-ն դաշինք կկազմի այն ուժերի հետ, որոնք սկզբունքային են եղել սկզբից մինչեւ վերջ. «Մենք էլ կարող էինք երկխոսել, եզրեր գտնել, պահպանել մեր հեռուստաընկերությունը, բայց մենք սկզբունքային ենք եղել եւ սկզբունքային կմնանք մինչեւ վերջ»:

Տ.Կարապետյանը նաեւ չբացառեց, որ կմիանա յուրաքանչյուր ուժի, որը կգնա իշխանափոխության կամ վճռական քայլերի. «Բայց այդ քայլերն ո՞ւր են: Երեք տարի է` մենք տեսնում ենք ՀԱԿ-ին. շատ ու շատ խնդիրներ է առաջարկել` 30 օր մնաց, 20 օր մնաց եւ այլն, բայց, ի վերջո, նստել են սեղանի շուրջը, եւ դիրիժորը լինելու է ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ Հովիկ Աբրահամյանը, որն այդ ուժերին հրավիրել է բանակցելու: Այդքան ցածր իջնելը օգուտ չի տա»: