Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իլհամ Ալիեւը սեփական կառավարության անդամներին կառավարության նիստում տեղեկացրել է ԼՂ կարգավորման գործընթացի ներկա պահի, իր խոսքով, «բանակցությունների վճռական փուլի» մասին: Նա հանգստացրել է իր նախարարներին, թե Մինսկի խմբի վերջին համատեղ հայտարարությունը չափազանց հուսադրող է Ադրբեջանի համար` Հելսինկյան եզրափակիչ ակտին քանի որ հղում է արված:
Ալիեւի համար մյուս հաճելին այն է այդ հայտարարության մեջ, որ ստատուս քվոյի անընդունելիության մասին է խոսվում, քանի որ էս մեր պուճուր Ալիեւը խիստ մեծ հույսեր ունի, որ ստատուս քվոյի փոփոխությունը կբերի «օկուպացիայից» ադրբեջանական հողերի ազատման: Իսկ որպես երրորդ ադրբեջանանպաստ պահ Ալիեւը նշել է համանախագահ երկրների ակտիվացումն ու իր շփումները տվյալ երկրների առաջին դեմքերի եւ արտգործնախարարների հետ:
Այդ ակտիվացումն էլ Ալիեւը պայմանավորել է իր երկրի հզոր բանակով եւ պետականությամբ: Դրան զուգահեռ` Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պատասխանատու Ալի Հասանովն է հարցազրույց տվել «Ադրբեջան» թերթին ու ասել, թե Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրել, ու դա է Բաքվի զիջումը բանակցային գործընթացում: Ու չնայած առաջարկվող սկզբունքներից ոչ բոլորն են ադրբեջանական կողմի սրտով, բայց այդ զիջմանը պատրաստ են, թե ոչ` պետք է պատերազմ սկսեին եւ գրավեին «իրենց» տարածքները:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովն էլ մյուս կողմից, չգիտենքՙ այս բոլորին տեղյակ, թե անտեղյակ, Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու խոսակցությունն աբսուրդային է համարել` ասելով, եթե ապագայում այդպիսի հարց անգամ քննարկվի, ապա միայն Ադրբեջանի սահմաններում Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին պետք է խոսք լինի: Առաջին տեսակետները երկրորդին զուգահեռ են հայտնվելՙ մտածել տալով, որ ուրեմն կամ Ադրբեջանում ձախ եւ աջ ձեռքերը միմյանց արածից եւ ասածից անտեղյակ են, կամ` «Նաջարյանը փոշմանել է», բայց ճար չունի ու դրա համար Ալի Հասանովի բերանով է դա ասում: Կամ էլ ներքին անհամաձայնությունն ու խժդժությունները ԼՂ հարցի հետ կապված Ադրբեջանում այն աստիճանի են, որ այդպիսի իրարամերժ կարծիքներ են ի հայտ գալիս: Մանավանդ հենց Ալիեւը նույն կառավարության նիստում ասել է, թե բանակցություններում քննարկվել է ԼՂ-ին ժամանակավոր կարգավիճակ տալու հարցը, Բաքուն համաձայն է եղել:
ԼՂ-ի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եկել է Պուճուրի բերանին` ուժեղ բանակի ու պետականության մասով, թե 10 օր անընդհատ ԼՂ-ի պաշտպանական բանակի զորամիավորումները շփման գծում իրականացրել են պատժիչ գործողություններ, որի հետեւանքով է հենց, որ արդեն մեկ ամիս հակառակորդը իրեն խաղաղ է պահում եւ լուրջ խնդիրներ չի ստեղծում: «Նման գործողություններով մենք նաեւ ապացուցում ենք, որ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի դեպքում Ադրբեջանը շատ ավելի մեծ կորուստներ կունենա, քան այսօր... Մեր ամեն զոհի դիմաց հակառակորդը պետք է պատժվի տասնակի ավելի, ինչն, ի դեպ, մենք արել ենք: Պաշտպանության բանակի զինծառայողները շատ թեթեւ են իրականացնում նման պատժիչ գործողություններ, որոնք հետագայում զսպում են հակառակորդին»,- ասել է Արցախի պաշտպանության նախարարը: