Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանի հետ:
Նախարարը նշել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում հայ-իրանական համագործակցությունն առաջընթաց է ապրել, որն էլ հնարավորություն է ստեղծել ինչպես նախանշված ծրագրերի իրականացման, այնպես էլ նոր ծրագրերի ուրվագծման համար:
Նա նաեւ նշել է, որ կյանքի է կոչվում նախորդ տարի ՀՀ վարչապետի Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրված «ԻԻՀ կառավարության և ՀՀ կառավարության միջև կրթության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին 2010-2013 տարիների գործնական ծրագիրը»: Այս առիթով ՀՀ կրթության և գիտության նախարարությունն արդեն կազմակերպել է 2011-2012 ուսումնական տարվա համար միջպետական ուսանողական կրթաթոշակային մրցույթը:
Նախարարը տեղեկացրել է, որ մրցույթը մեծ արձագանք է ունեցել հայ ուսանողների շրջանում, սակայն 2011թ. Հայաստանում հանրակրթական դպրոցների շրջանավարտներ չունենալու պատճառով բակալավրիատ ընդունվելու համար հատկացված տեղերը մնացել են թափուր: Միաժամանակ նախարարն առաջարկել է տեղերի վերաբաշխում կատարել, որովհետև մագիստրոսական տեղերի համար մեծ մրցույթ է ծավալվել:
Աշոտյանն անդրադարձել է ծրագրով նախատեսված` Թեհրանի պետական համալսարանում հայագիտության ամբիոնի ստեղծմանը` հույս հայտնելով, որ ԵՊՀ ռեկտորի առաջիկա այցելությունն Իրան կնպաստի այդ խնդրում գործնական արդյունքների արձանագրմանը:
«Հայագիտական կենտրոնի բացումը Թեհրանում կդառնա մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ու համագործակցության վառ դրսևորումը»,- նշել է նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դիպլոմների փոխճանաչման, ուսանողների կրթության ընթացքում ծագած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր:
Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեսպանի միջոցով Հայաստան է հրավիրել ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Քամրան Դանեշջուին` մասնակցելու սեպտեմբերին Երևանում նախատեսվող բարձրագույն կրթության ֆինանսավորմանը նվիրված կոնֆերանսին: