Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում առաջադրված` Դավիթ Մաթեւոսյանի «Մենք ենք...» ֆիլմն արտացոլում է 1960-ական թթ. Հայաստանը:
Կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Վահագն Ստամբոլցյանի կարծիքով` «Մենք ենք...» ֆիլմը մի շարք ընդհանրություններ ունի փառատոնին մասնակցող մեկ այլ` Գագիկ Ստեփանյանի «Ի շրջանս յուր» ֆիլմի հետ, որը նույնպես, ինչպես նշեց Ստամբոլցյանը, այդ ժամանակաշրջանի զարթոնքն է պատկերում:
Աշոտ Ադամյանի ու Դավիթ Մաթեւոսյանի «Մենք ենք...» ֆիլմը պատմում է 40 տարի առաջ Հրանտ Մաթեւոսյանի, Հենրիկ Մալյանի, Խորեն Աբրահամյանի համագործակցության մասին «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում:
Դավիթ Մաթեւոսյանը, ով երեխա ժամանակ խաղացել է այդ ֆիլմում, նշում է, որ ֆիլմի ժառանգորդը ոչ միայն հայ հասարակությունն է, այլ առանձին գյուղացիներ, որոնց մասին նկարահանվել է ֆիլմը. այն պատմում է իրական հերոսների մասին, ովքեր արդեն կենդանի չեն: «Ֆիլմի միջոցով ցանկանում էինք ցույց տալ, թե որքանով է այսօր արդիական «Մենք ենք, մեր սարերը» արտահայտությունը, կամ արդիակա՞ն է այն, արդյոք»,- ասաց Դ. Մաթեւոսյանը:
Իսկ թե ինչո՞ւ է պակասում վերնագրից «մեր սարերը», կարող եք իմանալ` դիտելով ֆիլմը:
«Ի շրջանս յուր» ֆիլմը պատմում է 20-րդ դարի 60-ական թվականներին հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության զարթոնքի գործում Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողի կառուցման կարեւորության մասին:
Ֆիլմի ռեժիսոր Գագիկ Ստեփանյանն է: Նա կարծում է, որ հնարավոր չէ մի քանի բառով ներկայացնել, թե ինչի մասին է ֆիլմը, հակառակ դեպքում` այն նկարահանելու անհրաժեշտություն չէր առաջանա: Ռեժիսորը ֆիլմի միջոցով ցանկացել է անդրադառնալ Ցեղասպանության թեմային, քանի որ այդ թեմայով նկարահանած բոլոր ֆիլմերն իրեն չեն գոհացրել. բայց, արի ու տես, որ իր աշխատանքից նույնպես գոհ չէ: