կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-13 11:54
Քաղաքական

Դատական պրոցեսը սարերի հետևում չէ. ՕԵԿ-ը` թերթին դատի տալու մասին

Դատական պրոցեսը սարերի հետևում չէ. ՕԵԿ-ը` թերթին դատի տալու մասին

Այսօր ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի ո՞ր հոդվածի պատճառով է ՕԵԿ-ը որոշել դիմել դատարան` ընդդեմ «Ժողովուրդ» թերթի, նա հայտնեց, որ սա առաջին դեպքն է, երբ լրատվամիջոցի դեմ դատական հայց են ներկայացնում:

 

Պատգամավորի խոսքով` «Ժողովուրդը» բազմաթիվ հոդվածներ է հրապարակել իրենց դեմ: Նա նշեց, որ չէր ուզենա, որ որևէ լրագրող մտածեր, թե իրենք գործում են լրագրողների դեմ կամ խուսափում են քննադատությունից, բայց «Ժողովուրդ» թերթն անցել է չափի սահմանը` ոչ միայն զրպարտելով, այլեւ մեղադրելով: «Ձեռնպահ կմնամ որևէ հոդվածի վրա սևեռվելուց, դատական պրոցեսը սարերի հետևում չէ, կհետևենք դատական պրոցեսին»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

 

Նա նշեց, որ յուրաքանչյուրի իրավունքն է իր պատիվը պաշտպանելը օրենքով սահմանված կարգով, ահա` ինչու դիմել են դատարան:

 

Ինչ վերաբերում է նորաթուխ ՕԵԿ-ական պատգամավոր Լևոն Դոխոլյանի ֆեյսբուքյան գրառմանը` ուղղված լրագրողին` վիրավորական արտահայտություններով, նա նշեց, որ Լևոն Դոխոլյանը հայտարարել է, և մի շարք մասնագետներ կարող են ապացուցել, որ լրիվ այլ անձինք կարող են հանդես գալ որևէ անձի անունից ու գրառում կատարել:

 

«Լևոն Դոխոլյանը բավական պարկեշտ անձ է, չեմ կարծում, որ նա նման հայտարարություն արած լիներ, ինքը նման գրառում չի արել, պարզապես համարժեք պատասխան է եղել»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

 

Ինչ վերաբերում է «Ժողովուրդ» օրաթերթի այն հրապարակմանը, թե Հովհաննես Մարգարյանը 150 հազար դոլար է պարտքով տվել ԱԽՔ նախագահ Արթուր Բաղդասարյանին, ով չի վերադարձրել պարտքը, և Հովհաննես Մարգարյանը դիմել է դատարան, ՕԵԿ պատգամավորը նշեց, որ դա սուտ է, զրպարտանք ոչ միայն իր, այլ նաև ամբողջ կուսակցության հասցեին, որովհետև մի կողմին մեղադրում են կաշառք տալու, մյուսին` կաշառք վերցնելու մեջ: