կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-08 13:02
Տնտեսական

Դիլիջանում բանկերի թիվն ավելանում է

Դիլիջանում բանկերի թիվն ավելանում է

Դիլիջանում արդեն գործում են հինգ բանկերի մասնաճյուղեր` «ՎՏԲ-Հայաստան», «Արդշինինվեստ», «ԱԳԲԱ Ագրիկոլ», «Արարատ», «Ամերիա»: Շուտով կգործի նաեւ վեցերորդը. «Հայ բիզնես բանկը» տարածք է գնել: Իսկ մինչեւ Դիլիջանը բիզնես կենտրոն դարձնելու ծրագրի մեկնարկը քաղաքում ընդամենը երկու բանկ կար: Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է երեք տարի առաջ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը ծրագրի մասին խոսելիս նշեց նաեւ, որ այն որոշակիորեն մեղմել է գործազրկության խնդիրը. նորաբաց բոլոր բանկերում աշխատում են դիլիջանցիներ` ամեն մեկում 7-10 հոգի: Իսկ Կենտրոնական բանկի շենքի շինարարության վրա շուրջ երեք տարի աշխատել է մինչեւ 200 հոգի:

Ի դեպ, քաղաքապետը նշեց, որ ԿԲ-ի շենքը հիմնովին կառուցվել է, ներկայումս կատարվում են ներքին հարդարման աշխատանքները: Սկսվել է ԿԲ աշխատակիցների համար բնակելի թաղամասի կառուցումը, լինելու են նաեւ մանկապարտեզ, դպրոց, նույնիսկ` բուհ:

Ա. Սանթրոսյանն ասաց, որ տեղի երիտասարդները լավ են սովորում, ընդունվում են երեւանյան բուհեր, իսկ ավարտելուց հետո նրանց հիմնական մասը չի վերադառնում` քիչ աշխատատեղեր լինելու պատճառով: Այժմ հույս կա, որ բիզնես կենտրոնի կայացումից հետո այդ խնդիրն էլ կլուծվի:

Նախատեսվում է, որ ծրագրի ավարտին` 2013-ին, մինչեւ 150 ընտանիք է տեղափոխվելու Դիլիջան. խոսքը վերաբերում է ԿԲ աշխատակիցներին:

Քաղաքապետը նշեց, որ ամեն ինչ ընթանում է համաձայն ծրագրի, եւ խոչընդոտներ չկան: