կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-06 12:00
Առանց Կատեգորիա

Գյալաջիությունը` որպես խոտոր ճանապարհ

Գյալաջիությունը` որպես խոտոր ճանապարհ

Վարորդին, երբ ղեկին խմած բռնում են, իջեցնում են անմիջապես, մեքենան տանում տուգանային հրապարակ, վարորդական իրավունքը ձեռքից առնում: Իսկ Ռուսաստանում այդ մասին հատուկ տեղեկացնում տվյալ վարորդի աշխատանքային կոլեկտիվին ու հարազատներին:

Ի՞նչ անել, երբ լրագրողին ես բռնում` խմած, հոդված գրելիս կամ վերլուծություն կատարելիս: Կարծում եմ` մի ելք կա` այդ մասին տեղեկացնել հասարակությանը, ինչն էլ հիմա կփորձենք անել:

ՍԻՄ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանն, ուրեմն, յուր թերթի հունիսի 28-30-ի համարում մի հոդված է գրել, որով շատ է ցանկացել «Դաշնակցությանը» բան ասել: Հիմա կասեք` իր գործն է, ինչպես բոլորը, Հովաննես Գալաջյանն էլ իրավունք ունի բան ասելու, ազատ խոսքի իր իրավունքն իրացնելու: Բան չասինք, խնդրեմ, որքան կցանկանա, բայց ի՞նչ է ասում:

Հոդվածը վերնագրել է«Կազանից քաշվածները»: Ճիշտն ասած դժվար է միանշանակ պնդել, թե ովքեր հատկապես «քաշվեցին» Կազանում, բայց սույն գրիչը միանշանակ պնդում է, թե դրանք եղել են ՀԱԿ-ը, «դաշնակներն» ու «ժառանգականները»: Հետաքրքիր տեսակետ է, բայց այ որպեսզի այն տեղ հասցվի, Հովհաննեսին պետք է եղել արանքում մի ճոխ սուտ հորինել: Իր հոդվածի մի խոշոր գլուխ նվիրելով Դաշնակցությանը` Գալաջյան Հովհաննեսը գրում է. «Կազանից «վատ» փաստաթուղթ ստանալու կանխավարկածի վրա, ըստ էության, իրենց վարքագիծն էին կառուցել ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ Ժառանգությունը: Դաշնակներն ու ժառանգականները դեռ հանդիպման նախորդ օրը սկսել էին «եթե, ապա...» բանաձեւերով, որոնք ենթադրում էին Կազանից վատ փաստաթղթով վերադառնալու դեպքում բողոքի ալիքի ստեղծում: Եվ հետաքրքրական է, որ թեեւ ՀՅԴ 31-րդ ընդհանուր ժողովը պետք է տեղի ունենար աշնանը, սակայն մեկնարկեց հենց Կազանի նախօրեին ու հենց այդտեղ հնչեց, որ ՀՅԴ-ն բացասական փաստաթղթի դեպքում ծավալելու է բողոքի գործողություններ»:

Տեսնես ո՞վ է նրան այսքան բան պատմել: Ինքն անձամբ, տեսնես թերթ կարդո՞ւմ է, թե՞ մենք գործ ունենք մի շատ հետաքրքիր ֆենոմենի հետ` նստել խմբագրությունում եւ մատից ծծել մի բան, որ հարմար է միայն իրեն, իր կուսակցությանն ու այդ կուսակցությանը ուղղորդողներին: Սա նույնիսկ ես կարող եմ անել, եթե մի քիչ խմած լինեմ ու անունս Հովհաննես Գալաջյան լինի: Եթե նա իրոք խմած չի եղել, կամ մի ուրիշ ավելի լուրջ պատճառ չի ունեցել, ապա ինչպե՞ս է մոռացել ՀՅԴ Բյուրոյի ՀԱՅ Դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի մի քանի ասուլիսները Կազանից առաջ, որոնց ընթացքում նա շատ հասկանալի հայերենով բացատրել է, որ Կազանում, ամենայն հավանականությամբ կլինի մեզ համար ոչ նպաստավոր մի փաստաթուղթ, բայց այն չի ստորագրվի եւ կյանքի չի կոչվի, որովհետեւ դրա տակ կա ԼՂՀ ստորագրության անհրաժեշտությունը, իսկ ԼՂՀ-ն այսօր բանակցային կողմ չէ: Նույն բանը, տեղեկացնենք Հովհաննես Գալաջյանին, ասել էր նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, գրեթե նույն բանը, բայց այլ ձեւակերպմամբ հաստատեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եվրոպական ամբիոնից: Հիմա ո՞նց հասկանանք Գալաջյանին, ասացեք, խնդրեմ, երբ նա, հավասարության նշան դնելով ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ, պնդում է, թե նրանք ձեռքները շփում էին, որ Կազանում մի վատ թուղթ լինելուն պես բողոքի ալիք բարձրացնեն: Ի դեպ «վատ» բառը Գալաջյանը միշտ չակերտների մեջ է առնում, ասես Կազանի փաստաթուղթն իրոք շատ լավն էր, բայց վախ, վախ, վախ, չստորագրվեց եւ ՀԱԿ-ն ու Դաշնակցությունը մնացին ձեռնունայն` չիմանալով ինչի վրա կառուցել իրենց բողոքի ալիքը:

Արի հիշենք այն ամառային օրերը, երբ ուր որ է պիտի հրապարակվեին հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Սերժ Սարգսյանն էլ կանգնած էր Թուրքիա գնալ-չգնալու դիլեմայի առաջ: Նախ հարցը տանք` մեզ համար լա՞վն էին այդ արձանագրությունները, թե՞ վատը: Հովիկ ջան, դու մտածիր, իսկ ես` շարունակեմ: Ուրեմն այդ օրերին Հայկ Բաբուխանյանը (ՍԻՄ-ից) եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը (ՀԱԿ) օդը թնդացնում էին` գնա, պարոն նախագահ եւ մի լսիր կեղծ ազգային ուժերին, գնա եւ հանուն Հայաստանի արա այն, ինչ ճիշտ ես համարում: Շատ հուզիչ տեսարաններ էին, ասեմ:

Երբ առանձին վերցրած մարդու կամ մարդկանց խմբի ասելիքը ստեպ-ստեպ վերջանում է, այդ մարդը կամ մարդկանց խումբը սկսում  է «մուտիլովկա» անել, ջուր պղտորել: Հայաստանում դրա համար ոչ ոքի դեռ չեն դատել: Գալաջյան Հովհաննեսն, օրինակ, համոզված է, որ ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովն առաջաձգվել է Կազանի հանդիպման պատճառով: Ես մեռա: Որովհետեւ, եթե այն առաջաձգվել է, ապա դրա նախապատրաստությունն ու բացման օրվա մասին որոշման ընդունումը շատ ավելի վաղ է տեղի ունեցել, Հովիկ, քան Կազանում հանդիպելու օրն է որոշվել: Ի՞նչ արած, Գալաջյանին ծանոթ չէ Դաշնակցությունը, բայց «մուտիլովկայի» հարցում, ինչպես տեսնում ենք, նա իր հավասարը չունի:

Եվ մի շատ հետաքրքիր հատկանիշ, որ մեր մամուլի պատմության մեջ երբեք այնքան լավ չի դրսեւորվել, ինչպես Հովհաննես Գալաջյանի եւ առահասարակ անկախ Հայաստանի մամուլի առաջնեկներից մեկի`«Իրավունքի» վերջին երեք տարվա կենսագրության մեջ: Այդ հատկությունը կարելի է կարճ բնութագրել այսպես` «Հավարը գցել Սերժ Սարգսյանին»: Բա չես, ասի, պարոն նախագահ, քո մասին այսպես ու այսպես են խոսել այդ «դաշնակներն» իրենց ժողովում` կոչնակ է հնչեցնում Գալաջյանը: Խեղճ Սերժ Սարգսյան, ոչ ինքն է թերթ կարդում, ոչ էլ իրեն զեկուցում են, թե ինչ են գրել թերթերն ու ինչ են խոսել իր մասին քաղաքական գործիչները: Մնացել է այսպես` «Իրավունքի» ու Հովհաննես Գալաջյանի հույսին: Երեւի Սերժ Սարգսյանն իր կյանքում անձամբ ներկա չի եղել նաեւ ՀՅԴ հոբելյանական տոնակատարությանն ու չի լսել այդ ամենը:

Խեղճ Հովհաննես Գալաջյան, քանի՞ անգամ լսած կլինես` գինին շառ ա, շառ…

Էդիկ Անդրեասյան