Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանաբնակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 100 հազար եվրո արժողությամբ գույք և մարզահագուստ նվիրաբերեց Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մասնագիտացված դպրոցին:
Դպրոցի սաները և մարզչական կազմը պարգևատրվեցին adidas ապրանքանիշի` բռնցքամարտի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:
Հարկ է նշել, որ Աբրահամն այդ մարզադպրոցի սանն է եղել, և ինչպես ինքը նշեց, իր հաջողությունների համար պարտական է դպրոցին: Հայազգի բռնցքամարտիկն իր կատարած բարեգործությամբ ցանկանում էր երախտագիտություն հայտնել դպրոցի անձնակազմին` իր և շատերի կյանքում հաղթական ուղի հարթելու համար:
Արթուրը Հայաստան է եկել բարեգործության և հանգստանալու նպատակով, Գերմանիա կվերադառնա 2 շաբաթից:
Օրեր առաջ կայացած մամուլի ասուլիսում Արթուրը հայտարարել էր, որ մոտ ապագայում պատրաստվում է ամուսնանալ: Չնայած «Սպարտակ» բալետի ներկայացմանը Աբրահամին ընկերակցում էր «Հ1»-ի միջազգային կապերի պատասխանատու և հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը, այնուամենայնիվ, նա հերքեց, որ իր ընտրյալը հասարակությանը հայտնի անձ է:
Պատասխանելով «Երկիր»-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ ամուսնությունը տեղի ունենա այս 2 շաբաթվա ընթացքում, բռնցքամարտիկը պատասխանեց. «Հարսանիքն այս 2 շաբաթում հաստատ չի կայանա, այն հետաձգվում է»:
Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ կարիերային, ապա Արթուրը մտադիր է դեռևս 3 տարի ռինգ դուրս գալ և, ինչպես ինքն ասաց, առաջիկայում որակավորման մարտեր է անցկացնելու:
Բիզնեսներ չունի, ապրում և բարեգործություն է անում սեփական քրտինքով: Լուրեր կային, որ Աբրահամը պատրաստվում է բիզնես հիմնել Հայաստանում. այս առիթով նա ոչինչ չպարզաբանեց: Պատրաստ է իր փորձը փոխանցել երեխաներին, սակայն մարզչական կարիերայով դեռևս չի ցանկանում զբաղվել:
Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ