կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-27 11:52
Սպորտ

Աննախադեպ սպարտակիադա` Դիլիջանում

Աննախադեպ սպարտակիադա` Դիլիջանում

Դիլիջանի մարզադաշտում մեկնարկել են ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված` դպրոցականների հանրապետական 20-րդ մարզական խաղերը. տեղեկացնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Այս սպարտակիադան աննախադեպ է, որովհետև նվիրված է ՀՀ անկախության քսանամյակին, իսկ դուք անկախության սերունդն եք, մարդիկ, ովքեր ծնվել են անկախ Հայաստանում և կրում են ՀՀ քաղաքացու պատվավոր կոչումը, ովքեր մեր երկրի տնտեսական, քաղաքական, սոցիալական զարգացումը կրելու են իրենց ուսերին»,- ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով` աննախադեպ է նաև այս տարվա մասնակիցների թիվը և սպարտակիադայի շնորհիվ առաջացած մարզական ալիքի ուժգնությունը հանրապետությունում: Աշոտյանը վստահ է, որ մասնակիցների մեջ կան ապագա չեմպիոններ, գիտնականներ, մարդիկ, ովքեր պատրաստ են պիտանի լինել մեր հանրապետությանը և մեր ժողովրդին:

«Անկախության սերնդի մաս լինելով` դուք պետք է շարունակեք պետականաստեղծ այն գործունեությունը, որն ընկած է ՀՀ քաղաքացու ուսերին, և այսօրվա մեր սերունդը պետք է ուժեղ լինի և’ ֆիզիկապես, և’ հոգով, և գիտելիքներով, և բարոյական արժեքներով»,- կարևորել է նախարարը` սպորտային ազնիվ պայքար ու հաղթանակ մաղթելով մասնակիցներին:

ՀՀ դպրոցականների հանրապետական մարզական խաղերը կազմակերպվում են 1991թ.: Այս տարի մրցումների 4 փուլերին մասնակցել են շուրջ 80.000 դպրոցական` հանրապետության բոլոր մարզերից. եզրափակիչ փուլ է դուրս եկել 780 դպրոցական:

Մրցումների ծրագրում ընդգրկված են ատլետիկա, բասկետբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս, հանդբոլ, վոլեյբոլ մարզաձևերը, որոնք կազմակերպվում են տվյալ մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից հաստատված կանոնակարգերով: Հաղթող թիմերը իրավունք կնվաճեն մասնակցելու տվյալ մարզաձևից դպրոցականների աշխարհի առաջնությանը, որը կազմակերպում է ISF-ը:

Հայաստանը Դպրոցականների միջազգային սպորտային ֆեդերացիային անդամակցում է 2011թ.: