Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շաբաթ-կիրակի օրերին Դիլիջանում մի լավ ռելաքս է եղել։ Չնայած նպատակը կուսակցության անդրանիկ քաղաքական ժողովն էր, սակայն, դատելով մասնակիցների կազմից, Դիլիջանում հանգիստն ու աշխատանքը հմտորեն զուգակցել են: Մասնակցել են ոչ միայն ՔՊ խորհրդի անդամները, այլեւ վարչության, ողջ ՔՊ ակտիվը՝ կառավարության անդամներից սկսած, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, մարզպետներ, թաղապետեր, տարածքային պատասխանատուներ։
Նախքան շաբաթ օրվա խնջույքին անդրադառնալը նշենք, որ կիրակի մոտ 6 ժամ ՔՊ-ն Փաշինյանի գլխավորությամբ ժողով է արել, որի ընթացքում նախ ներածական, ապա ամփոփիչ ծավալուն խոսք է ասել Նիկոլ Փաշինյանը՝ հիմնականում խոսելով արտաքին մարտահրավերների եւ Հայաստանի անելիքների մասին։ ՔՊ-ական մեր աղբյուրները վստահեցնում են, որ Փաշինյանը գրեթե կրկնել է այն գաղափարները, որոնց մասին պարբերաբար նաեւ հրապարակային ելույթներ է ունենում, հարցազրույցներ տալիս, թե ինչպես է պատկերացնում Արցախի եւ Հայաստանի ապագան Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ փոխհարաբերություններում։ Սակայն մեր աղբյուրներն ընդգծում են, որ եթե անցած տարի Փաշինյանը խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներ էր նշում՝ մինչեւ դեկտեմբեր, ապա այժմ չի թաքցնում, որ հարցն անորոշ շրջափուլ է մտել՝ պայմանավորված Ռուսաստան-Արեւմուտք ձգվող հակամարտությամբ։ Փաշինյանն ասել է, որ բարդ ժամանակներ են, գնալով էլ ավելի կարող է սրվել իրավիճակը, սակայն Հայաստանի խնդիրը ժամանակ շահելն ու հզորանալն է։ ՔՊ-ականների հարցերն էլ հիմնականում եղել են թեմայի մեջ, կարելի է ասել՝ միայն մարզերի ներկայացուցիչներն են թեմայից շեղվել, Մեղրիի մասնակիցը, դիցուք, անձնական հարցեր է բարձրաձայնել։
Ինչեւէ, ամենաուշագրավը եղել է ՔՊ-ում հանգրվանած ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի ելույթը, ով խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ նշել է, թե մեծագույն սխալ էր, որ 80-ականների վերջերից Հայաստանը մաքրեցին ադրբեջանցիներից, պիտի մնային, միասին ապրեին, որ այսօր էլ այս աստիճանի ազգամիջյան թշնամանք չլիներ։ Արսենյանի ելույթը միանշանակ չի ընդունվել ՔՊ-ում, բուռն բանավեճ է սկսվել: Մեզ պատմեցին, որ Փաշինյանը բոլոր ելույթներին եւ հարցերին խաղաղ է վերաբերվել, լսել է, երբեմն հակադրվել, միայն մի դեպքում է կոշտ արձագանքել, երբ սորոսական թեւի կարկառուն ներկայացուցիչ Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել եւ հերթական հակառուսական տեքստն է արտաբերել՝ հորդորելով ՀՀ ղեկավարությանը՝ ռադիկալ քայլեր անել Ռուսաստանից հրաժարվելու, պոկվելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը պատմական էքսկուրս է կազմակերպել հատուկ այս պատգամավորուհու համար՝ փորձելով բացատրել, թե ինչ վտանգավոր հետեւանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար, այն էլ՝ ստեղծված իրավիճակում։
Ի դեպ, Գուրգեն Արսենյանը երեկ էլ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում էր ճառ ասում՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին, հավանաբար, փորձում էր նաեւ արդարանալ՝ ասելով, թե, այո, չնայած Ադրբեջանում եւ Թուրքիայում մեր նկատմամբ թշնամանք են սերմանում, բայց դա մեր գործը չէ, մեր պետության խնդիրն է՝ մեր հասարակությանը բարիդրացիության պատրաստել։
Մեզ վստահեցրին, որ անկլավների մասին հարց, դրան անդրադարձ չի եղել։ Կարելի է ասել՝ նոր ասելիք չի եղել, Փաշինյանը, սակայն, շեշտել է, թե հարկ է համարում, որ բոլորը, այդ թվում՝ հեռավոր մարզի ՔՊ-ականները, տեղյակ լինեն բանակցային պրոցեսին, ու այդ հիմնավորմամբ երկար-բարակ ներկայացրել է այն, ինչն անում է գրեթե ամեն օր` տարբեր ամբիոններից։
Փոխարենը բավականին աշխույժ է անցել խնջույքը. ՔՊ-ականները Դիլիջանի «Ուռենի» ռեստորանում երեկոյան 7-ից մինչեւ գիշերվա 3-ը տժժացել են, ջան ասել, ջան լսել` ոգեւորված Փաշինյանի հորդորից, որ՝ իրար միս չուտեք, մեր ուժը մեր միասնության մեջ է, եւ այդ միասնությամբ պետք է առաջիկայում հաղթենք ավագանու ընտրություններում։ Խնջույքին հատուկ հանդիսավար կամ հայտնի երգիչներ չեն հրավիրել, թամադայի պարտականություններն իր վրա է վերցրել Նիկոլ Փաշինյանը, երեկոն ծաղկացրել է տեղացի երգիչը, որին ֆոլկլորային երգեր են պատվիրել՝ «Ավլեմ-թափեմ փոշին», «Պտտվիր, պտտվիր, կարուսել» եւ այլն։ Քեֆ-ուրախության համար բոլոր պայմաններն ապահովված են եղել` ճոխ սեղաններ, անվտանգության աննախադեպ թվով աշխատակիցներ հսկել են ռեստորանը, անջատել են սրահի բոլոր տեսախցիկները, հավաքել են տվել անգամ մատուցողների հեռախոսները, որ չնկարեն իրենց: Մատուցողներն էլ` ամեն անգամ նոր ուտելիք սրահ մտցնելիս, անցնել են մետաղորսիչի տակով, որ ՔՊ-ականների թանկ կյանքը չվտանգեն հանկարծ։
ՔՊ-ականները սեղանների շուրջ նստել են ըստ հիերարխիկ դիրքի՝ կառավարության անդամներ, պատգամավորներ, մարզպետներ, համայնքի ղեկավարներ, եւ այսպես շարունակ։ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը վարչապետի կողքին է նստել, վարչապետի սեղանի շուրջ են նստած եղել նաեւ Ալեն Սիմոնյանը, Պապիկյանը, կառավարության անդամները։ Ավինյանն առաջարկել է խմել հարազատ կուսակցության կենացը, բոլորն արձագանքել են, որ այսօր ՔՊ-ից լավը չկա, Ավինյանն էլ, նայելով Արսեն Թորոսյանի կողմը, կատակել է, թե այնքան լավն ենք, որ թիմի ներսում անգամ ընդդիմություն ունենք։ Նույն կենացն առաջարկել է նաեւ Ալեն Սիմոնյանը՝ գնահատել հեղափոխականների ուժը, սակայն բազմանշանակ շարունակել է, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել, նորն են անելու։ Փաշինյանն էլ ասել է, որ պետք է բոլորը լծվեն գործի, որպեսզի ավագանու ընտրություններում հաղթանակ տանեն, հատկապես խոսքն ուղղել է թաղապետերին։
Կենացներ են ասվել հայրենիքի, ժողովրդի, զինվորների, զոհվածների պատվին։ 3-4 անգամ էլ Փաշինյանի կենացն են խմել, ում ակնհայտորեն դա դուր է եկել: Երեկոն նաեւ հոբելյար է ունեցել` Աջափնյակի սկանդալային փոխթաղապետ Սերոբ Սարգսյանի ծննդյան օրն է եղել․ հիշենք, որ Սարգսյանն անցած տարի զոհվածներին, ըստ լուրերի, «փնթիներ» էր ասել: Փաշինյանն է տեղեկացրել հոբելյարի մասին եւ հատուկ խմել նրա կենացը։ Սարգսյանն էլ իր ծննդյան կենացի փոխարեն առաջարկել է Փաշինյանի կենացը խմել, մի խոսքով՝ իսկական քծնանքի կոմունիստական պալիտբյուրոյին վայել երեկո։
Ի դեպ, ներկաները զարմացել են, որ Փաշինյանը, ընդունելով ոգելիցի մեծ չափաքանակ, երեկոյան 7-ից մինչեւ գիշերվա 3-ը տեղից չի ելել եւ բավականին սթափ է եղել։
Իսկ խնջույքից հետո տեղի ունեցած ծեծկռտուքի մասին, որի ժամանակ Վայքի համայնքապետին են քաշքշել` իրենց չբարեւելու համար, արդեն մամուլում գրվել է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում