կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-18 12:25
Հասարակություն

Ազատությունն ու անվտանգությունը հայերիս համար ավելի կարևոր են, քան մի կտոր հացը. Լևոն Հայրապետյան

Ազատությունն ու անվտանգությունը հայերիս համար ավելի կարևոր են, քան մի կտոր հացը. Լևոն Հայրապետյան

Տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան կյանքից հեռացել է հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը:

***

«Եթե կորցնենք Ղարաբաղը, կկորցնենք Հայաստանը: Ազատությունն ու անվտանգությունը Հայաստանի, հայերիս համար ավելի կարևոր են, քան մի կտոր հացը: Ղարաբաղյան կռվի տարիներին ոչ լույս կար, ոչ հաց, բայց մեզ համար արժանապատվությունն ավելի կարևոր էր, քան մի կտոր հացը: Դրա համար էլ պետք է կազմակերպված ուժ ունենանք, որ մեր անվտանգությունը կարողանանք ապահովել, ու այդտեղ նաև Սփյուռքը պետք է ներգրավված լինի: Այլ ոչ թե` կռիվը սկսվի ու նոր կազմակերպվենք, ուշ կլինի, չենք հասցնի»,- 2013-ին Եվրոպայի հայկական միությունների ֆորումում հայտնի ելույթում ասել էր բարերար Լևոն Հայրապետյանը:

***

Հայրապետյանը ծնունդով Ղարաբաղից էր` Մարտակերտի շրջանի Վանք գյուղից: Նա համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Գործարարի միջոցներով 2000-2002 թթ. վերակառուցվել է Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար)։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։ Լևոն Հայրապետյանը իր վրա է վերցրել նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։

2007թ. Հայրապետյանը ֆինանսավորեց ջրամբարի կառուցման աշխատանքները Մարտակերտի շրջանում գտնվող Խաչեն գետի վրա։ Միայն 26 մ բարձրությամբ ամբարտակի շինարարությունն արժեցավ 7 միլիոն դոլար։ Ապագա ջրամբարի շուրջ որոշված էր տուրիստական ենթակառուցվածքի և հանգստյան գոտիների կառուցում։

Հայրապետյանը կազմակերպեց Ռուսաստանի,  Ուկրաինայի,  Բելառուսի,  Մերձդնեստրի, Հարավային Օսիայի և Աբխազիայի կազակների այցը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ՝  ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ, իշխան Վալերիան Մադաթովի 225-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում։

2008 թ. հոկտեմբերի 16-ին Շուշիում և Գանձասարում բարերարը կազմակերպվեց նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ամբողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվեց Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։  Այս նախաձեռնության իրականացման համար «Լևոն Հայրապետյան» հիմնադրամի միջոցներով իրականացվեց Վերածննդի կենտրոնական հրապարակից մինչև Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ ձգվող աստիճանների լիակատար վերանորոգում։ «Մեր նպատակը Ղարաբաղի ժողովրդագրական զարգացման խթանումն է։ ԼՂՀ բնակչությունը պետք է կազմի 300 հազարից ոչ պակաս։ Նորապսակների ընտանիքում ծնված առաջին երեխային կտրվի 2 հազար դոլար, երկրորդին՝ 3 հազար, երրորդին՝ 5 հազար, չորրորդին՝ 10 հազար, վեցերորդին՝ 50 հազար և յոթերորդին՝ 100 հազար դոլար գումար»,- նշել էր գործարարը:

Բացի այդ` Հայրապետյանը Վանք գյուղում հիմնել է հյուրանոցային համալիրներ, բանկեր, հանդիսությունների սրահ։ Բարեկարգել է Արցախի կենդանաբանական և բուսաբանական այգիները, վերակառուցել է Արցախի բազմաթիվ միջպետական և հանրապետական ավտոճանապարհներ։

Բարերարի առաջնային ծրագրերից էր համարվում Արցախում ռազմական ակադեմիայի հիմնումը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության համար բարձրաստիճան սպայակազմի պատրաստումը։ 2012-ին Լևոն Հայրապետյանը իրագործեց նախաձեռնությունը և ֆինանսավորեց ռազմական ուսումնարանի կառուցումը Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում, որտեղ, այդ թվում, կտեղակայվի գործող ռազմական գիմնազիա:

Հայրապետյանը ձերբակալվելուց հետո էլ շարունակում էր իր բարեգործությունները.  ապրիլյան պատերազմի օրերին նա ֆինանսական մեծ աջակցություն ցուցաբերեց Արցախին:

***

Հայրապետյանը ձերբակալվեց 2014թ. հուլիսին` Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո: Նա մեղադրվում էր իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Իզմեստևի մորից` իր որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700 000 դոլար վերցնելու մեջ: Հայրապետյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: Նա տնային կալանքի տակ էր: