կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-22 11:22
Առանց Կատեգորիա

Բաքվի երազանքները

Բաքվի երազանքները

Ադրբեջանում ակնկալում են, որ ՀԱԿ-ը կօգնի Հայաստանի իշխանություններին գնալ զիջումների Բաքվում շունչները պահած հետեւում են Հայաստանի ներքաղաքական կյանքին, մասնավորապես՝ իշխանությունների եւ ՀԱԿ-ի փոխհարաբերություններին:

Սկզբում Ադրբեջանում հույս ունեին, որ ՀԱԿ-ը կդիմի հեղափոխական քայլերի, որոնց կհաջորդի իրավիճակի ապակայունացումը, բայց հետո հիասթափված նշեցին, որ «հայերը, ի տարբերություն ադրբեջանցիների, հասկացան, որ ապակայունացումը բարդություններ կառաջացնի ղարաբաղյան ճակատում»:

Այսօր ադրբեջանցի քաղաքագետները հույս են փայփայում, որ կձեւավորվի ՀՀԿ-ՀԱԿ տանդեմ` ենթադրելով, որ Կոնգրեսը հանրապետականներին կօգնի Ադրբեջանի հետ գնալ կոնկրետ պայմանավորվածությունների Ղարաբաղի հարցում: Մասնավորապես, Բաքվում լույս տեսնող «Զերկալո» թերթը նշում է, որ Ս. Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը թելադրված էր նաեւ ԼՂ շուրջ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի կոնկրետ արդյունքների հնարավոր ելքի հեռանկարներով:

Երկրի ներսում, համոզված է թերթը, միայն Լ. Տեր-Պետրոսյանը կարող է դառնալ Ս. Սարգսյանի դաշնակիցը իրադարձություններն այդ սցեներով ընթանալու դեպքում, որովհետեւ «կառավարող կոալիցիայում ՀՀԿ-ի ներկայիս դաշնակից «Բարգավաճ Հայաստանը», դաշնակցականները և «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը եւ, վերջապես, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը միասնական ճակատով հանդես կգան Սերժ Սարգսյանի «պարտվողական քաղաքականությանե դեմ եւ, իբրեւ հետեւանք, ՀՀԿ-ն, առանց ՀԱԿի աջակցության, խայտառակ կերպով տանուլ կտա առաջիկա խորհրդարանական, իսկ անձամբ Ս. Սարգսյանը՝ դրանց հաջորդող նախագահական ընտրությունները»:

Այլ կերպ ասած՝ Բաքվում կարծում են, որ Ս. Սարգսյանը պատրաստ է կոնկրետ փաստաթղթեր ստորագրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ (բաքվեցի քաղաքագետների խոսքերով՝ «Ադրբեջանի աճող տնտեսական եւ ռազմական հզորության ֆոնին Հայաստանը պարզապես ուրիշ ելք չունի»), սակայն կարեւոր ընտրական գործընթացի նախօրեին կարիք ունի լուրջ քաղաքական դաշնակիցների, որպիսին կարող է լինել միայն Լ. Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ-ի հետ երկխոսության մերժումը Ս. Սարգսյանի կողմից ադրբեջանցիների համար կհանդիսանար Կազանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ձախողման նշան: Մերժում չեղավ: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց ՀԱԿ-ի հետ երկխոսել Հայաստանի բոլոր հրատապ խնդիրների շուրջ, այդ թվում՝ արտաքին քաղաքական: Երկխոսություն, բայց ոչ բանակցություններ: Մինչդեռ հասարակության մեջ ամուր նստած է այն կարծիքը, որ կողմերը նեղ շահադիտական նպատակներ են հետապնդում՝ մի կողմից իշխանությունը պահելու, մյուս կողմից՝ իշխանական լծակներին վերադառնալու: Ի՞նչ կստանան այս երկխոսությունից ժողովուրդն ու երկիրը՝ հասկանալի չէ:

Ինչ վերաբերում է Արցախին, զարմանալի է մեկ ուրիշ բան: ՀՀԿ ներկայացուցիչները, մասնավորապես՝ կուսակցության նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով ՀԱԿի հետ երկխոսության թեմային, կտրականապես հերքում են արտահերթ ընտրությունների հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու հնարավորությունը: Եվ ընդամենը: Սա արդյո՞ք նշանակում է, որ մյուս հարցերի, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի շուրջ համաձայնություն կարող է ձեռք բերվել: Նշանակո՞ւմ է, արդյոք, որ ՀՀԿ-ն կիսում է ՀԱԿ-ի պարտվողական դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի շուրջ եւ պատրաստ է գնալ երկու հայկական պետությունների համար աղետալի տարածքային զիջումների, եւ որ ադրբեջանցիների սպասելիքները ՀՀԿ-ՀԱԿ տանդեմից լիովին հիմնավորված են:

Ճիշտ է, կա մի թույլ մխիթարություն. մինչ Կազանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը (հունիսի 24-ին) նրանք հազիվ թե որեւէ բանի շուրջ համաձայնության գան: Նշանակում է կարելի է հուսալ, որ այնտեղ ոչ մի լուրջ բան չի ստորագրվի: Բայց Կազանով կյանքը չի ավարտվում: Եվ փաստը մնում է փաստ, որ Հայաստանը պետք է արմատապես փոխի իր մոտեցումները Ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Գայանե ՄՈՎՍԵՍՅԱՆ