կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-11 23:01
Առանց Կատեգորիա

Գծի, տառի ու գնդակի վկա

Գծի, տառի ու գնդակի վկա

Վահեի հարցազրույցներից վերջինը պատճառ էր դարձել, որ անձնական բախում ունենա ֆակուլտետում եւ ավարտական կիսամյակի նախօրեին թողնի համալսարանը՝ կերպարվեստի բաժնով հանդերձ: Չկամեցավ, որ մանրամասները հրապարակվեն՝ հետաքրքիր չի, ասաց:

22-ամյա Վահե Բուդումյանը պատմվածքներ գրող նկարիչ է, աշխատում է «Ուտոպիանա» մշակութային-ստեղծագործական հասարակական կազմակերպությունում, սեփական արվեստանոց չունի. վարձում է: Պատմվածքները տպագրվել են տարբեր հանդեսներում, բայց երբեք հոնորար չի ստացել. «Համոզված չեմ, որ Հայաստանում հնարավոր է գրելով փող աշխատել»:

Հասցրել է նաեւ գիրք ձեւավորել, բայց էլի՝ անվճար. «Ընկերոջս գիրքն էր, ապրումակցում էի գրքի ստեղծմանը՝ սկզբից մինչեւ վերջ, ի՞նչ գումար»: Բայց մի քանի նկար իր գրաֆիկաներից, վաճառել է՝ 20-25 հազար դրամով:

«Շուրջս ամեն ինչ լղոզվել ա, ոնց որ փողոցն ու շենքերն են լղոզվում, երբ խոհանոցի ապակուն գոլորշի ա նստում». Վահեի «Թեւաթափ» պատմվածքից է. ի՞նչ պակաս գրաֆիկա է: Բայց չգիտես ինչու՝ խմբագրելուց հետո պատմվածքից հանել է այս պատկերը:

«Գնդակի վկա» է. ֆուտբոլ չխաղացող ու շոու աշխարհում բարձրացող աստղ Հայկ Պետրոսյանն է Վահեին ու ֆուտբոլ խաղացող իր մյուս ընկերներին այդպես անվանում:

- Այս տարի Հայաստանում քիչ են դիմորդները, չե՞ս ուզում ամեն ինչ նորից սկսել:

- Համալասարանից դուրս գալուց հետո արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի դասընթացներին եմ հաճախել որպես ազատ ունկնդիր: Այս տարի բուհ դիմելը մտքովս անցավ, բայց չուզեցի: Այն կրթության որակը չկա Հայաստանում, որն ինձ պետք է: Ինքնակրթությունն ինձ ավելի է գրավում:

- Քո սերնդակիցները գրականության լեզվին շատ ազատ մոտեցում ունեն:

- Լեզվի նկատմամբ երկու վերաբերմունք կա: Մեկը, որ լեզուն բացարձակ ճշմարտության նման բան է, անքննելի է, իրեն պետք է դնես բարձր տեղ ու նայես: Մյուսը, որ լեզվի հետ պիտի փորձեր անես, պիտի օգտագործես, քննադատաբար մոտենաս: Այսինքն` գրերը՝ նույն մեսրոպյան տառերը, իրականում տեխնոլոգիա են, որոնք ծառայում են ինքնարտահայտվելուն ու ստեղծագործելուն: Ես երկրորդի կողմնակիցն եմ:

- Սեւակի խոսքն ընդհանրացնելով ասեմ՝ լեզուն որբի գլուխ չէ, որ վրան վարսավիրություն սովորենք: Եթե գրաբարյան հեղինակները էքսպերիմենտներով կանոններ ջարդեին, այսօր ո՞նց էինք իրենց կարդալու, թարգմանելու:

- Ես չեմ ասում՝ կանոնները ջարդենք, ես ասում եմ, գրողը չպիտի լեզու մաքրագործելու առաքելություն վերապահի իրեն: Գրողը պիտի լեզվական բոլոր շերտերին հավասար վերաբերմունք ունենա, ոչ թե ընտրի, թե որն է միակ ընդունելին:

- Դու հիմա գրո՞ղ ես, թե՞ նկարիչ:

- Մի քանի օր առաջ մի աղջիկ էր զանգել Ռուսաստանում լույս տեսնող ինչ-որ «Խաչքար» ամսագրից: Իրենց լուսանկար էին ուղարկել, որում ես Գուրգեն Խանջյանի եւ Միսաք Խոստիկյանի կողքին էի, ու մակագրության մեջ ինձ հիշատակել էին որպես գրող: Այս աղջիկն ինձ ասում է` համացանցում ձեր մասին տեղեկություն եմ փնտրում, ոնց որ թե դուք ավելի շատ նկարիչ եք, քան գրող, հիմա դուք նկարի՞չ եք, թե՞ գրող: Այսինքն՝ մի կողմից ինքը չի ընդունում, որ երկուսը միասին հնարավոր է, մյուս կողմից էլ, մնաց-մնաց, չկարողացավ այդ հարցը իր համար պարզել, հարցրեց` լավ, դուք 10 հատից ավե՞լ եք գրել, թե՞ պակաս: Ասեցի` ավել: Այսինքն, եթե 10 հատից ավել ես գրել, ուրեմն գրող ես, եթե պակաս ես գրել` չէ: Իրականում, ես ավելի շատ ներկայանում եմ որպես նկարիչ, երբեք չեմ ներկայացել որպես գրող:

- Դե 10 հատից ավելը կարող է ժողովածու դառնալ, չե՞ս ուզում գրքով տպել:

- Դրա համար գումար է անհրաժեշտ, որը պետք է հավաքել: Հետո՝ ես գրող համարվելու հավակնություն չունեմ. եթե գիրք ես տպում, ոնց որ նման հավակնություն ունենաս:

- Խմել սիրո՞ւմ ես:

- Չէ:

- Ուրեմն, բոհեմական կյանքի հավակնություն էլ չունես:

- Հետաքրքիր է, կողքից միշտ իրար հակասող բաներ եմ լսում. մեկն ասում է՝ դե, դու նկարիչ ես, քեզ ի՞նչ աղջիկ, դու գնա, քո էդ կյանքով առանձին փակվիր, նկարիր: Մյուսը հակառակը՝ դե, դու ամբողջ կյանքդ պետք է աղջիկների մեջ ապրես…Ընկերուհի ունեմ, լուսանկարչությամբ է զբաղվում: Փորձում ենք համատեղ նախագծեր անել:

- Դու կա՞ս Մարկեսին Հայաստան հրավիրող նախաձեռնության մեջ:

- Նախաձեռնողների մեջ՝ ոչ, բայց «հավանելով»՝ մեխանիկորեն ներառվել եմ այդ խմբում: Այնքան էլ ակտիվ չեմ:

- Ես էլ եմ «հավանել», բայց հնարավո՞ր բան է, որ գա:

- Ինձ թվում է, անհնար է: Շատ լավ ցանկություն է, բայց իրատեսական չի: Բա ո՞վ է վճարելու ճանապարհի, մյուս ծախսերը:

- Հայ աղջիկները ո՞նցն են:

- Լավն են: Արտասահմանից, որ հյուրեր են գալիս, ասում են` շատ լավն են ձեր աղջիկները, բայց դատարկ են: Ինքս չեմ ուզում ասել, որ դատարկ են, բայց խնդիր կա՝ ոչ թե աղջիկների, այլ հասարակության մեջ: Աղջիկներն էլ, տղաներն էլ ավելի շատ ձգտում են միանման լինել, հարմարվել թե՛ արտաքինի, թե՛ մտածողության ստանդարտներին: Օրինակ` աղջիկները գլամուրային կերպարի սահմանների մեջ են. եղունգները՝ երկար ու քսած եւ այլն: Ես չեմ հավանում միանմանությունը: Իսկ մեզ մոտ տարբերվելը համարվում է քըխ: Տղաների մեջ ավելի շատ է հասարակական ճնշումը, եթե դու տարբերվում ես, քեզ դուրս են հրում հասարակությունից, ինչ-ինչ խմբերից դուրս ես մնում: Աղջիկներն իրենց ամենամեծ խնդիրը ամուսնանալն են համարում. սեւեռուն գաղափար են դարձրել՝ ինչքան հնարավոր է, շուտ ամուսնանամ:

- Ինչո՞վ է վատ, եթե աղջիկն ուզում է ամուսնանալ, ընտանիք ունենալ, երեխաներ:

- Իհարկե լավ է: Բայց մեր աղջիկներն՝ ամուսնանալով, իրենց կապանքների մեջ են գցում, կայացման ճանապարհը չեն շարունակում, մտնում են ավանդական ընտանիքի մեջ, ու վերջ: Եթե մենք ունենք շատ լավ բանաստեղծուհի աղջիկներ, իրենք մի օր կամուսնանան, իրենց ստեղծագործական ջիղը կկլանի ընտանիքը:

- Իսկ տղանե՞րը:

- Ընդունված պատկերացում կա, որ տղաների համար էլ, աղջիկների համար էլ կոնկրետ տարիք կա ամուսնության. աղջիկները պետք է ամուսնանան մինչեւ 25 տարեկանը, տղաները` մինչեւ 30-ը: Այդ թիվը միշտ ականջիդ` արդեն ժամանակն է, արդեն ժամանակն է, ասում ես` լավ, հեսա գնամ, ամուսնանամ: Մի ընկեր ունեմ՝ 23 տարեկան, երկար չէինք շփվել, մի օր հանկարծ ասում է` խնդիր ունեմ, Վահե: Ասում եմ` ի՞նչ խնդիր, ասում է` ուզում եմ պսակվեմ: Բայց խնդիրն էն է, որ ինքը պսակվելու թեկնածու աղջիկ չունի: Իրականում ինքը փնտրում է ֆիզիոլոգիապես իրեն բավարարող ինչ-որ մեկին, որը կարող է երեխա ունենալ եւ այլն, եւ այլն: Այսինքն՝ սերը չի, որ նրան ստիպում է ամուսնանալ: Ես երեւի մի քիչ ռոմանտիկ եմ, մտածում եմ, որ ամուսնացողների միջեւ կապվածություն, զգացմունքներ պետք է լինեն: Իսկ իմ այդ ընկերոջ տեսակը շատ-շատ է ու շատ ընդունված: Ես, ճիշտն ասած, շատ չեմ էլ պատրաստվում իր համար փնտրտուքների մեջ ընկել, աղջիկ գտնել, որովհետեւ ես դեմ եմ այդ տեսակ կյանք կառուցելուն:

- Բայց ի՞նչ աղջիկ է ուզում:

- Ինքն ասաց` հիմա նորմալ աղջիկ չի մնացել, կարա՞ս օջախի աղջիկ ճարես ինձ համար: Օջախի աղջիկը ենթադրում է՝ աչքերը կախ, միշտ ներքեւ նայող, համեստ:

- Տարիքը կապ ունի՞:

- Հա, դրա մեջ էլ ինչ-որ ստանդարտներ կան: Տղաները ձգտում են մի քանի տարի փոքրի հետ ամուսնանալ, որովհետեւ փոքրին հեշտ է իշխելը:

- Իսկ բանաստեղծություն գրելը օջախի աղջկա կերպարի մեջ չի՞ մտնում:

- Օջախի աղջիկը չի կարող բանաստեղծուհի լինել: Բանաստեղծուհու մտածողությունը պետք է ազատ լինի. դրանք մեկը մյուսին բացառող բաներ են:

Հարցազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ