կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-28 00:40
Առանց Կատեգորիա

"Թափառում"-ը Կաննից պատվով վերադարձավ

"Թափառում"-ը Կաննից պատվով վերադարձավ

Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» պիեսի հիման վրա նկարահանված «Թափառում» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմով այս տարի Հայաստանի դրոշն է բարձրացվել Կաննի փառատոնի կինոշուկայում:

Սակայն ֆիլմի ստեղծագործական թիմի համար կարեւորը հայ հանդիսատեսին գոհացնելն է, քանի որ ֆիլմը ռոք-օպերա ժանրում է, որն այնքան էլ տարածված չէ Հայաստանում: Ֆիլմի լիբրետտոյի եւ երաժշտության հեղինակ Արամ Սուքիասյանը կարծում է, որ աշխատանքների մասնակիցներից յուրաքանչյուրն այս ֆիլմով ավելի կայացավ եւ ոգեւորվեց:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունիսի 3-ին` «Մոսկվա» կինոթատրոնում:

- Պարոն Սուքիասյան, ովքե՞ր են ֆիլմի ստեղծագործական թիմի «անդամները»:

- Բեմադրող ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը, նկարիչը` Արմեն Ղազարյանը: Մեր ռոք երաժշտության հետաքրքիր կերպարներից եւ լավ ձայներից մասնակից են Արման Էլբերտը, Անահիտ Շահյանը, Սարգիս Մանուկյանը, Աստղիկ Արծրունին, Արմեն Ադամյանը: Ֆիլմը նկարահանվեց 2009-10թթ.` 53 օրում, որից հետո այն տարել ենք Մոսկվա: «Մոսֆիլմում» կարողացանք կինոնկարը դարձնել միջազգային չափանիշների, մի բան, որի հնարավորությունը, ցավոք, բացակայում է Հայաստանում` համապատասխան ստուդիաներ չունենալու պատճառով:

- Ինչի՞ մասին է ֆիլմը:

- Այն ունի բավական հետաքրքիր եւ անսովոր սյուժե. «Թափառում»-ը Սփյուռքում գտնվող ազգությամբ հայի եւ արտասահմանցու մասին է, որոնց մեքենաների բախման պատճառով տեղափոխում են հիվանդանոց եւ բժիշկները, հայի մոտալուտ մահը զգալով, վերջինիս ուղեղը տեղափոխում են արտասահմանցու գլխի մեջ, ով վթարի հետեւանքով վնասվել էր գլխից: Դրանից հետո արտասահմանցին սկսում է մտածել հայավարի, ինչի արդյունքում, բնականաբար, ունենում է բազմաթիվ խնդիրներ թե՛ հասարակական եւ թե՛ անձնական կյանքում: Իսկ հայի հոգին սավառնում է երկինք ու հանդիպում Գաբրիել հրեշտակապետին եւ Միքայել զորապետին, որոնք մերժում են հայի մուտքը արքայություն, քանզի նա կիսատ մարդ էր դարձել` զրկվելով ուղեղից:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք հայ հանդիսատեսից:

- Ես կարծում եմ, որ հայ հանդիսատեսին այն դուր կգա, որովհետեւ թեման հետաքրքրող է, խորապես համամարդկային, քրիստոնեական թեման է արծարծում, ժանրով ռոք-օպերա է, մոտեցումը կարծրատիպերից դուրս է, երաժշտությունն էլ սիմֆոռոքի մեջ է` սիմֆոնիայի եւ ռոքի համադրմամբ:

- Քանի որ ֆիլմը կարծրատիպերը քանդում է, վախ չկա՞, որ այն չի ընդունվի:

- Անշուշտ, ունեցել ենք ե՛ւ վախ, ե՛ւ մտահոգություն, թե արդյո՞ք մեր հանդիսատեսը պատրաստ է նայելու այս ժանրը: Ես միանգամայն վստահ եմ, որ ոչ միայն հակված է, այլ նաեւ մեծ հետաքրքրություն ունի: Կարծում եմ, որ մի շարք բաներից ձանձրացել են մարդիկ եւ նորի փնտրտուքի մեջ են:

- Ինչ եք կարծում, ֆիլմը ի՞նչ կբերի աշխատակազմին եւ Հայաստանին:

- Ես կարծում եմ, որ ֆիլմը Հայաստանին կինոարտադրության այսօրինակ ժանրի մեջ կարող է հեղինակություն բերել` հաշվի առնելով, որ սա բացառիկ մի ժանր է եւ ոչ բոլոր պետություններն ունեն: Հայտնի է նաեւ, որ սա եւ մյուզիքլը, ընդհանրապես, հարուստ երկրների մշակութային տարր է: Ինչ վերաբերում է ստեղծագործական կազմին, ես հակված եմ մտածելու, որ յուրաքանչյուրն իր տեղում այս ֆիլմով ավելի կայացավ եւ ինչ-որ ոգեւորության ալիք ապրեց, ինչը կարող է դառնալ նոր ստեղծագործության լիցք, որից էլի բոլորս ենք շահելու:

- Օրերս «Թափառում»-ը մասնակցեց Կաննի փառատոնի կինոշուկային. կարծում եմ` ֆիլմն անտարբերության չի մատնվել:

- Այս ֆիլմը հետաքրքրեց շատ շատերին, մասնավորապես` փառատոներին: Պետք է ասեմ, որ մի շարք կազմակերպություններ եւ փառատոներ չունեն նոմինացիաներ` նախատեսված մյուզիքլի համար, այսինքն` ֆիլմը շատ հազվադեպ է որպես այդպիսին: Այն հրավիրվեց մասնակցելու Հռոմի, Վիեննայի եւ Վենետիկի փառատոներին:

- Կարծիք կա, որ հայկական կինոն անկում է ապրում. դուք ի՞նչ կասեք:

- Կարծում եմ, որ այսօր արտադրվող հայկական ֆիլմերն այն չափանիշներին ու գեղագիտությանը չեն համապատասխանում, ինչը որ պետք է լինի: Այն, ինչ արվում է ու շատ հաճախ մրցանակի է արժանանում, ինձ անձամբ դուր չի գալիս: Կարող է այս կամ այն ֆիլմն ինչ-որ փառատոնում մրցանակ ստանալ. կան փառատոներ, որն ընթանում է ընդամենը 4 երկրի մասնակցությամբ, գրավել 3-րդ տեղը այս 4 երկրների մեջ եւ հպարտությամբ վերադառնալ, ուղղակի...

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ