Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանի ճանապարհին այլեւս չի զարմացնում թուրքական դրոշների առատությունը. ամբողջ երկիրն է ողողված կարմիրով: Բայց աչքի են ընկնում սարերի լանջերին արված գրառումները. once vatan` «առաջին հերթին` հայրենիքը»:
Վան մտնելովՙ առաջինը Աղթամար կղզի ենք գնում։ Ափին ճաշում ենքՙ տառեխ են տալիս, քիչ հեռու երաժիշտը քրդական ու թուրքական երգեր է երգում, հերթը հասնում է «Սարի աղջկան»: Ամբողջ ճանապարհորդության ընթացքում այս երգը մի քանի անգամ ավելի շատ եմ լսել, քան ամբողջ կյանքումս: Երեւի իմանում ենՙ հայ ենք, մի ընդհանրություն են փորձում գտնել: Բայց դե «Սարի աղջիկն» ու՞ր էր, երբ...
Կես ժամ հետո նավով ափից հասնում ենք կղզի: Կանգուն մնացած միակ կառույցը 10-րդ դարում կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին է: Ալին ասում է, թե գիտի, որ եկեղեցու պատերին աստվածաշնչյան պատմություններ են ներկայացված, խնդրում է պատմել դրանք ու կարդալ փորագրված հայերեն արձանագրությունները:
Քանդակված են Ադամն ու Եվան, Դավիթն ու Գողիաթը, Սամսոնը, Դանիելըՙ առյուծների փոսի մեջ, Քրիստոսի աշակերտները, Գրիգոր Լուսավորիչը, արաբների դեմ մղվող կռիվներում զոհված եւ սրբերի շարքը դասված իշխաններ: Կան նաեւ աշխարհիկ քանդակներ` Արծրունի արքաներն իրենց տոմհանշանով, շինարարի կենցաղն ու աշխատանքը պատկերող, ինչպեսեւ կենդանիների ու հայերի համար խորհրդանիշ դարձած բույսերի քանդակներ:
Աղթամարում Ալին առաջին անգամ չէ, տեղանքին ծանոթ է ու նույնիսկ ինքն է բացատրում, թե եկեղեցու որ մասում ինչն է: Բայց հայերի հետ առաջին անգամ է նայում եկեղեցին. զգացվում է, որ ավելի ուշադիր է, թե ինչպես եմ ես արձագանքում այդ ամենին: Ավելի ուշ ասում է, թե իրեն զարմացնում է իմ` նվիրվածության հասնող քնքշանքը եկեղեցու, լճի եւ հողի հանդեպ:
Պատրաստվում ենք վերադառնալ, երբ անվտանգության աշխատակիցները մոտենում են մեր օպերատորին, ասում, թե կղզում պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանել չի կարելի: Ալին բարկանում է, թուրքերենով ինչ-որ բաներ են խոսում, հետո պատմում է ինձ, թե ինքը պահանջում էր ցույց տալ փաստաթուղթը, որով արգելված է: Քիչ հետո ինչ-որ պաշտոնյայի է զանգում, խոսում, սպասում են պատասխանի:
Ոչինչ չեմ հասկանում. իսկ անվտանգության աշխատակիցներն էլ անգլերեն չգիտեն. ասում եմ, թե մենք արդեն հեռանում ենք, էլ ի՞նչ խնդիր կա, նրանցից մեկը թուրքերեն մի երկու բառով ու ժեստերով պատասխանում է, թե հայերն ու թուրքերը եղբայրներ են, խնդիր չկա: Հետո Ալին ճշտում է, որ նկարահանում անելու համար նախապես պետք է թույլտվություն վերցնեինք: Ասում են` վաղվա համար կարող ենք թույլտվություն ստանալ, բայց էլ ժամանակ չկա, արդեն գնում ենք:
Հյուրանոցում տարօրինակորեն շատ են հարցուփորձ անողները` ո՞վ եք, որտեղի՞ց եք, բայց այստեղ, ի տարբերություն մյուս քաղաքաների, մարդիկ այնքան էլ ագրեսիվ չեն: Հետագայում, երբ Ալիին պատմում եմ տպավորություններիս մասին, ասում եմ, որ Թուրքիայի փողոցներում անվախ շրջել չես կարող, համաձայնում է: Հետո բացատրում, թե խնդիրն այն չէ, որ հայ եմ, ինքն էլ քուրդ է: Ագրեսիվ այդ զանգվածին իրենք «խելապակասներ» են ասում. անկանխատեսելի են ու վտանգավոր:
Հաջորդ օրը Վանի միջնաբերդ ենք գնում, որը քաղաքի համար դարեր ի վեր ռազմավարական լուրջ կարեւորություն է ունեցել: Այն Ք.ա. 9-րդ դարում կառուցել է Սարդուրի 1-ին արքան, այնուհետեւ մյուս արքաներն էլ վերանորոգել են. բերդում թագավորական դամբարաններ կան, սակայն հայտնի չէ, թե դրանք հատկապես որ թագավորներինն են:
Բերդի վրա քրդերն իրենց գործն են դրել. երեխաները զովացուցիչ ջրեր են վաճառում կամ էլ արտասահմանցիներին առաջարկում են էսքկուրսավար լինել նրանց համար` §որքա՞ն կտաս¦-ից հետո: Հիմնականում դամբարանների տեղն են ցույց տալիս:
Պարիսպների ներքեւում արծաթեղենի խանութներ են: Դրանցից մեկի տերը` Ֆահրատը, պատմում է, թե գիտե՞ք, որ մինչ 1915-ը Վանում հայերը հայտնի արծաթագործներ էին. «Մենք ինքներս մեզ հարց ենք տալիս, թե ո՞վ ենք: Ես քուրդ եմ, մտածում եմ, որ գուցե ես էլ ունեմ հայկական արմատներ, քանի որ արծաթագործությամբ եմ զբաղվում, այդ հմտություններն ունեմ: Այստեղ բոլորն էլ մի քիչ հայ են, մի քիչ քուրդ, մի քիչ թուրք»:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Վան