կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-20 02:16
Արցախ

ԼՂՀ քաղաքական ուժերը հավանություն են տալիս հակառակորդին պատասխան տալու քայլերին

ԼՂՀ քաղաքական ուժերը հավանություն են տալիս հակառակորդին պատասխան տալու քայլերին

ԼՂՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում խումբ-խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է.

«Լրացավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի 17 տարին։ Ցավոք, ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ արեց նենգափոխել իրողությունը եւ կասկածի տակ առնել իրավական ուժ ունեցող պայմանավորվածության իսկությունը։

Քարոզչական այդ ձեռնարկումը ուղեկցվեց շփման գծում լարվածությամբ, որի հետեւանքով արձանագրվեց ԼՂՀ խաղաղ բնակչի` դիպուկահար կրակոցով սպանության փաստ։

Մենք ափսոսում ենք, որ ադրբեջանական կողմի ոտնձգությունները անհրաժեշտ եւ անհետաձգելի հակազդեցության չեն արժանանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, որոնք կոչված են միջնորդություն իրականացնել հակամարտության բոլոր կողմերի միջեւ՝ հասնելու վերջնական խաղաղության։

Մեզ համար գնալով ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական իշխանությունները պատրաստ չեն վիճելի հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու եւ ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակն ավելի սրվի։

ԼՂՀ ԱԺ քաղաքական ուժերը լիովին պաշտպանում են հակառակորդի սադրանքներին համարժեք պատասխան տալու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Մենք Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահներին հորդորում ենք իրենց միջնորդական մանդատը կիրառել ամբողջ ծավալով՝ զսպելու Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները, հակառակ դեպքում իրավիճակի հնարավոր սրման համար պատասխանատվությունը կծանրանա նաեւ միջնորդների վրա»։