կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-06 23:20
Արցախ

ԼՂՀ ՊԲ հրամանատարը դիմել է բանակի անձնակազմին` հակառակորդին սառնասրտորեն դիմավորելու և ոչնչացնելու կոչով

ԼՂՀ ՊԲ հրամանատարը դիմել է բանակի անձնակազմին` հակառակորդին սառնասրտորեն դիմավորելու և ոչնչացնելու կոչով

Այսօր ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը կոչով դիմել է բանակի անձնակազմին:

«Պաշտպանության բանակի աննկուն մարտիկներ, հարգելի զինակիցներ: Վերջին օրերին հակառակորդը սկսել է աննախադեպ ակտիվություն դրսևորել շփման գծի ողջ երկայնքով` նպատակ ունենալով դիվերսիոն գործողությունների միջոցով մեր անձնակազմին պատճառել կորուստներ և ապակայունացնել վիճակն առաջնագծում:

 

Ս.թ հուլիսի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի դեմ մղված անհավասար գոտեմարտում քաջի մահով ընկան մեր 5 զինվորները, իսկ 7-ը վիրավորվեցին, սակայն հատուցման ժամը չուշացավ: Մեր պատժիչ գործողությունների արդյունքում ս.թ27-ից մինչև օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հարավ-արևելյան, արևելյան, հյուսիս-արևելյան և հյուսիսային ուղղություններով հակառակորդը կրեց զգալի կորուստներ` ընդհանուր առմամբ տալով 26 զոհ և 30-ից ավելի վիրավոր:

 

 Հակառակորդին ոչնչացնելու գործողություններին ակտիվորեն մասնակցել են նաև մի շարք ժամկետային զինծառայողներ, որոնցից շատերին դուք ճանաչում եք անձամբ: Նրանք համարձակորեն ներ են խուժել հակառակորդի առաջնագիծը, նրան շրջանցել թիկունքից, պատվով կատարել խնդիրը և անվնաս վերադարձել: Չեմ կասկածում, որ ձեզանից յուրաքանչյուրը մի ներքին ցանկությամբ երազում էր լինել նրանց փոխարեն: Դա նշանակում է, որ դուք ևս պատրաստ եք համարձակ գործողությունների, որի համար շնորհակալ եմ:


Խոր ցավով կիսելով մեր զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների, մարտական ընկերների վիշտը , դիմում եմ ձեզ` զգոնությունը բարձրացնելու և գոտեպնդվելու, մեր դիրքերը գրոհող նենգ ու դավադիր հակառակորդին ձեր հրամանատարների հետ միասին սառնասրտորեն դիմավորելու և ոչնչացնելու կոչով:


Երբեք չհուսահատվեք ու չերկնչեք, քանզի հակառակորդը ոչ մի գերազանցություն չունի մեր նկատմամբ:Նա սովորական մահկանացու է, որի գործողությունները բխում են միայն ու միայն ներքին անասնական վախի զգացումից ու հուսահատությունից:Չէ՞ որ ոչ վաղ անցյալում Արցախի հերոսամարտի տարիներին մենք արդեն ծնկի ենք բերել նրան, ու համոզված եղեք, որ` էլի կբերենք:


Պետք է միշտ հիշել, որ հակառակորդը չի դադարեցնի տարբեր գործողություններով մեզ վնասներ պատճառելու իր վաղեմի մարտավարությունը, այն է` օգտվելով մեր սխալներից, հասնել արդյունքի: Այո, մենք չպետք է մոռանանք, որ նրա հաջողությունները մեծապես կախված են մեր բացթողումներից: Ո՞ր ուղղությամբ կհետևի նրա հաջորդ ոտնձգությունը, պատասխանը միանշանակ պարզ է, այն ուղղությամբ, որտեղ մենք հակառակորդին չենք սպասում:


Ուրեմն` ի գործ: Դանդաղելը հավասարազոր է պարտության: Աստված մեզ պահապան»: