կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-09 22:35
Արցախ

Իրավիճակն առաջնային գծում

Իրավիճակն առաջնային գծում

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության քարոզչական ծառայությունը շարունակում է լուրեր տարածել, թե իբր ղարաբաղյան կողմը շփման գոտու տարբեր հատվածներում պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Որքանո՞վ են նման տեղեկությունները համապատասխանում իրականությանը և ի՞նչ նպատակ են հետապնդում Բաքվի կողմից շրջանառվող այսօրինակ տեղեկությունները:

ՊԲ lրատվություն և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը տեղեկացնում է, որ վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն իսկապես հաճախակի են դարձել, սակայն այլ հարց է, թե որ կողմն է հանդես գալիս նախահարձակի դերում, և ինչպիսի ուժեր ու միջոցներ են կիրառվում այդ գործողությունների ընթացքում:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` միայն ընթացիկ տարվա ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 950 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից արձակվել է շուրջ 6500 կրակոց: Ընդ որում` խախտումների զգալի մասը ադրբեջանական կողմն իրականացրել է CBD, «Սև նետ» և թուրքական արտադրության «ԻՍՏԻԳԱԼ» տիպի դիպուկահար հրացաններից:

Ի դեպ, պաշտոնական Բաքուն բազմիցս հրապարակավ հայտարարել է այն մասին, որ Ադրբեջանում նպատակասլաց աշխատանք է տարվում դիպուկահարների պատրաստման ուղղությամբ, և այդ իսկ նպատակով Ռուսաստանից ու Թուրքիայից հանրապետություն է ներկրվում համապատասխան քանակությամբ զենք ու հանդերձանք: Գաղտնիք չէ նաև, որ, բացի սեփական ուժերից, Ադրբեջանն առաջին գծում պարբերաբար օգտագործում է նաև բավական լավ վարձատրվող արտասահմանյան դիպուկահարների: Ապացույցը սույն թվականի ապրիլի 28-29-ը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ՊԲ-ի կորուստներն են, որը մեկ անգամ ևս փաստեց, որ ադրբեջանական կողմը հակված է ոչ միայն շրջանցել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունը, այլև իրեն հատուկ ցինիկությամբ կարող է կատարվածի վերաբերյալ տարածել իրականության հետ ոչ մի կապ չունեցող տեղեկություններ:

Անդրադառնալով ապրիլի 29-ին շփման գծում տեղի ունեցած միջադեպերին` Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հայկական կողմի տարածած հաղորդագրությունը որակեց հերթական կեղծիք: Ավելին, գնդապետ-լեյտենանտ Սաբիրօղլուն, գործի դնելով սեփական երևակայությունը, ասաց հետևյալը. «Բոլորին է հայտնի, որ Ղարաբաղի և Հայաստանի հայերի միջև գոյություն ունի ատելություն: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` ապրիլի 29-ի միջադեպը տեղի է ունեցել հենց այդ պատճառով: Զինվորը, որը Հայաստանի քաղաքացի է, ավտոմատից կրակելով, սպանել է տեղացի երկու զինվորի»:

Ըստ Ս. Հասրաթյանի` մեզ հարևան, բայց ոչ բարեկամ երկրի քարոզիչները, գիտակցաբար, թե անգիտակցաբար, իրենց հիմնախնդիրները բավական սիրողական մակարդակո, փորձում են վերագրել հայկական կողմին` մոռանալով, որ հայը հայի հետ չի կարող խնդիր ունենալ... Խնդիր կարող են ունենալ թալըշները, լեզգիները, ուդիները և Ադրբեջան կոչված տարածքում ապրող էլի մի շարք ազգություններ, որոնք պաշտոնական Բաքվի մամլակի տակ ոչ միայն աստիճանաբար կորցնում են իրենց ինքնությունը, այլև շատ հաճախ ադրբեջանական բանակում տեղ գտնող միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների պատճառով ենթարկվում ֆիզիկական ոչնչացման: Միայն 2011թ. չորս ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերում սպանվել է 17 այլազգի զինծառայող, որից 7-ը` լեզգի, 6-ը` թալըշ, 3-ը` ուդի, 1-ը` ավար:

Ս. Հասրաթյյանը ներկայացնում է նաեւ, թե ինչով է պայմանավորված առաջնային գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախականության նկատելի աճը և ինչ կարող է տալ այն Բաքվի ռազմական ղեկավարությանը: Ըստ միջազգային փորձագետների` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գոտում լարվածության պահպանումը բացառապես պայմանավորված է Բաքվի ռազմատենչ մարտավարությամբ և հետապնդում է հետևյալ նպատակները. նախ` անընդհատ հիշեցնել չավարտված պատերազմի վերսկսման հավանականության մասին.  երկրորդ` սեփական երկրում ապահովել ներքաղաքական կայունությունն ու հանդուրժողականությունը. երրորդ` միջազգային հանրության տեսադաշտում հայկական կողմը ներկայացնել որպես սադրիչ գործողությունների նախաձեռնող:

Թե որքանով է Ադրբեջանին հաջողվում կյանքի կոչել իր այս մտահղացումները, կարելի է կռահել տվյալ երկրում օրեցօր աճող ներքաղաքական ընդվզումների հաճախությունից և, իհարկե, պաշտոնական Բաքվի միապաղաղ ու անիմաստ հայտարարությունների նկատմամբ միջազգային հանրության կողմից դրսևորվող չեզոքությունից:

Իսկ ահա, թե իրականում ինչ են տալիս և ինչ կարող են տալ առաջնային գծում ադրբեջանական բանակի կողմից պարբերաբար իրականացվող սադրիչ գործողությունները, դժվար չէ պատկերացնել, մանավանդ որ մեր ձեռքի տակ ունենք ահա այսպիսի վիճակագրություն: 2011թ. անցած 4 ամիսների ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 3200 անգամ, որի հետևանքով հայկական կողմը տվել է 5 զոհ, 4 վիրավոր: Նույն ժամանակահատվածում, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունների, հայկական կողմն առաջնային գծում կրակ է բացել մոտ 150 անգամ: Համաձայն նույն աղբյուրի` ընթացիկ տարում ադրբեջանական բանակում արձանագրված 51 զոհի և 29-ի վիրավորի շուրջ 40 տոկոսը վերագրվում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին:

Եթե հիմք ընդունենք Ադրբեջանի կողմից տարածված պաշտոնական վիճակագրության այս տվյալները, ապա ստացվում է, որ հակառակորդը շուրջ 20 անգամ ավելի է խախտել հրադադարի ռեժիմը, քան ղարաբաղյան կողմը: Բայց ահա, հակառակ կողմերից յուրաքանչյուրի իրականացրած կրակային խոցման հաճախականության, Ադրբեջանի կրած կորուստների թիվն անհամեմատ մեծ է, իսկ ավելի կոնկրետ 5-ը 1-ի դիմաց:

«Թե որքանով են այս տվյալները համապատասխանում իրականությանը, դժվար է ասել: Բայց որ հակառակորդի կողմից առաջնային գծում սպանված յուրաքանչյուր հայ զինվորի դիմաց ադրբեջանական բանակը ստացել և ստանալու է անհամեմատ լուրջ պատասխան և որ նրա ասկյարը մշտապես լինելու է սարսափի ազդեցության տակ, դա միանշանակ է»,- ասում է ՊԲ լրատվություն և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը: