Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անահիտ աստվածուհի, Տիգրան Մեծ, Գարեգին Նժդեհ, սվաստիկա․․․ Արծաթյա զարդերի «Անահիտ արվեստի անկյուն» բրենդը շուկայում շատ արագ լայն ճանաչում ու պահանջարկ ստացավ հենց ազգայինով եւ հայկականով։ Բրենդի սեփականատեր Անահիտ Սարիբեկյանը Yerkir.am-ի հետ զրույցում շեշտում է՝ դրանք ուղղակի զարդեր չեն, դրանք գաղափարներ են, որոնք փոխանցվելու են սերնդեսերունդ։ Նա իր պարանոցին, օրինակ, Նժդեհի դիմապատկերով կախազարդ է կրում։
Դիտարկմանը, որ պետական օղակներով քարոզում են, թե Գարեգին Նժդեհը ֆաշիստ է, այսպես է արձագանքում․ «Նժդեհը ֆաշիստ է համարվել թուրքերի համար․ ով Գարեգին Նժդեհին ֆաշիստ է համարում, նրան պետք է գենետիկական փորձաքննության տանել: Մենք գիտենք՝ ով է Նժդեհը մեզ համար, իրենց խնդիրն է, թե ի՞նչ կխոսեն։ Հասկացողը հասկանում եւ գնահատում է։ Այդ հակաքարոզը գուցե ազդի պատանիների վրա, որոնք չունեն ձեւավորված արժեհամակարգ, հասուն մարդու մտքերը չեն կարող փոխել»:
Պատմելով իր փոքրիկ բիզնեսի ստեղծման մասին՝ Անահիտն ասաց, որ իրենց առջեւ խնդիր են դրել նաև կրթել հանրությանը:
«Ոչ թե ինչ-որ իմաստով, այլ 90 տոկոսով: Վերջին զարդը, որ ստեղծվել է, Անահիտ աստվածուհու եւ Տիգրան Մեծի պատկերով կախազարդերն են: Առաջինը Գարեգին Նժդեհի պատկերով կախազարդն էր: Այս մոդելներն իրենց ձեւով տարբերվում են շուկայում առկա բոլոր զարդերից, շատ մեծ պահանջարկ ունեն, քանի որ շեշտը դրված է հենց հայկականի վրա: Ինչ ստեղծում ենք, մեջը գաղափար կա, տրվում է նաեւ զարդի նկարագրությունը, որպեսզի մարդիկ հասկանան դրանց իմաստը: Ունենք տիեզերքի մոդելը, որը շատ կարեւոր է մեզ համար ու պարտադիր է, որ մարդիկ կրելիս հասկանան, թե ինչ են կրում: Մենք գաղափար ենք փոխանցում սերնդեսերունդ եւ դրա համար ընտրել ենք ազնիվ մետաղը՝ արծաթը, որը հնանալ չունի եւ պատրաստվում է բարձր որակով, որ ժառանգաբար փոխանցվի: Պիտի սերունդները չմոռանան մեր մեծերին՝ Տիգրան Մեծին, Նժդեհին, պատմություն ուսումնասիրեն եւ հասկանան՝ ով են նրանք եղել: Պատվիրատուներին միշտ հարցնում ենք՝ ի՞նչ գիտեք, օրինակ, սվաստիկայի մասին, եթե չգիտեն, պատմում ենք։ Մեզ համար կարեւոր է, որ գաղափարը տարածվի»,- ասաց Անահիտը։
Զրուցակիցս պատմեց, որ գործը սկսել է անցած տարվա ապրիլից՝ պատերազմից հետո, մի ժամանակահատվածում, երբ հանրության շրջանում հուսահատության հասնող մոտեցում կար, որ մենք ազգային գաղափարական մոտեցում չունենք առ հայրենիք, առ մշակույթ: Չնայած այս տեսակետներին՝ ազգայինի պահանջարկը, ըստ Անահիտի, կա, գնում ու նվիրում են իրար՝ որպես գաղափար:
«Շատերը տիեզերքի իմաստը չգիտեն, երբ պատմում ենք, աչքերը փայլում են: Հասկանում ես, թե որքան կարեւոր է մարդկանց բացատրել, թե ով են եւ որտեղից են գալիս: Մեր հասարակության վրա մեծ քարոզչություն է գնում, այնպես են քարոզչության զոհ դարձել, որ իրենք էլ արդեն չգիտեն, թե ում հավատան, ում լսեն, որ ուղղությամբ գնան: Որքան պետք է կրթված լինես, որ չհավատաս այս կեղծ քարոզչությանը, իսկ մեզանում բոլորը չէ, որ կրթված են: Այս իմաստով՝ մենք անելիք ունենք՝ մեր իմացածը փոխանցելու, կիսելու, կրթելու։
Մենք տարեցտարի խնդրի առաջ ենք կանգնում, մարդիկ մոռանում են՝ ով են, որտեղից են եկել: Համացանցում այնքան է օտարամոլությունը տարածվել, որ որոշներն ամաչում են, որ հայ են, մարդիկ, երբ ֆիլմ են դիտում, իրենք էլ են ուզում, օրինակ, ամերիկացի դառնալ: Երբ հեռուստացույցը միացնում ենք, այնպիսի անբարո հաղորդումներ են, որ չես ուզում նայել, իսկ մեր պատանիները հենց դա են նայում: Մեր առջեւ խնդիր է դրված գոնե այս զարդով հիշեցնել Նժդեհի մասին, բացատրել, թե ով է նա»,- ասաց նա:
Զարդերի վաճառքը իրականացնում է դեռեւս միայն համացանցով, հույս ունի, որ շուտով իր փոքրիկ անկյունը կստեղծի, դեռ չի շտապում: Հետաքրքրվեցինք՝ տեսակետ կա, թե երիտասարդները լքում են Հայաստանը եւ ապագա չեն տեսնում այստեղ, մասնավորապես՝ բիզնեսով զբաղվող անձինք, Դուք զգո՞ւմ եք, որ չկա պետական աջակցություն նորարար ձեռներեցներին՝ երկրում մնալու եւ ստեղծելու համար:
«Կա, իհարկե, այդպիսի մտայնություն, բայց ես չեմ լքելու իմ երկիրը, որովհետեւ գիտեմ, որ ոչ մի տեղ չեմ գտնի այն, ինչ կա իմ հայրենիքում: Ես այստեղ եմ ծնվել, այստեղ եմ ապրելու եւ պարտավոր եմ լավ գործ անել իմ երկրի ու հայրենակիցների համար: Եթե սիրում ես, կմնաս, հայրենիք ամեն տեղ չես գտնի»,- նշեց նա:
Մինչ այս՝ Անահիտը եռաչափ քանդակներ էր հավաքում, համագործակցում էր տարբեր ընկերությունների հետ, զուգահեռ մտածում իրենը ստեղծելու մասին: Մտածում էր՝ այն, ինչ անում է ուրիշների համար, ինչո՞ւ չանի իր համար:
«Ընտանիքիս անդամները, քույրս ասում էին՝ ինչո՞ւ քո զարդերը չես ստեղծում: Բիզնեսից հեռու էի, գնացի բիզնես դասերի ու սկսեցի: Ի սկզբանե ապրանքի վաճառքը միայն Հայաստանում էի պատկերացնում։ Որ նաեւ երկրից դուրս հանենք՝ բրենդի անունը փոխեցի:Պահանջարկը կա, բայց ես փորձում եմ նայեւ առաջարկով ստեղծել պահանջարկ: Ես աշխատում եմ որակի ու գաղափարի վրա»,- ընդգծեց զրուցակիցս։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիանա Սարգսյան