կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-06 22:10
Առանց Կատեգորիա

Նժդեհը գլխին է խփել

Նժդեհը գլխին է խփել

 Արտուշ Սարգսյանին քչերն են ճանաչում, բայց դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ Արտուշ Սարգսյանը Նժդեհին չի ճանաչում: Այնքան չի ճանաչում, որ վերջինս, ավելի ճիշտ վերջինիս արձանը ամեն օր, երբ Արտուշ Սարգսյանը գնացել է աշխատանքի, խփել է Արտուշ Սարգսյանի գլխին, դիտավորյալ չէ, չնայած ո՞վ գիտե, Նժդեհից կարելի է սպասել եւ դիտավորություն, ընդ որում՝ ավելի շատ, քան միամտություն: Բանը հասել է նրան, որ Արտուշ Սարգսյանը որոշել է «վրեժխնդիր» լինել Նժդեհից եւ նրան տարել դրել է խոտերի մեջ` թողնելով ամբողջովին անմխիթար վիճակում: Նժդեհն առաջ էր Նժդեհ, հիմա արձան է, փոխարենը Արտուշ Սարգսյանն առաջ չկար, իսկ հիմա…

Հիմա մարդը Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետն է, բայց ամենահետաքրքիրը դա չէ, այլ այն, որ Արտուշ Սարգսյանը Արարատի մարզի Նորաշեն գյուղի հանրապետական գյուղապետն է: Այսինքն հիմա է հանրապետական դարձել, առաջ ՕԵԿ-ի անդամ էր, հետո ԲՀԿ-ին է անդամակցել, հետո՝ ՄԱԿ-ի անդամ է եղել, մի խոսքով՝ Նժդեհի արձանը, որը տեղադրված է եղել գյուղի գյուղապետարանի շենքի դիմաց, խանգարել է Արտուշ Սարգսյանին, քանի որ ամեն օր, երբ մարդը գնացել է աշխատանքի, գլխին է խփել. Նժդեհը չէ, արձանը, չի խփել` կպել է, չնայած ո՞վ գիտի…

Դե քանի որ մեր երկրում կա կուսակցություն, որին չի կարելի խփել, այն էլ ամեն օր, եթե անգամ խփողը Նժդեհն է, եթե անգամ Նժդեհը արձան է, ավելի ճիշտ, քանի որ մեր երկրում կան հանրապետականներ, որոնց չի կարելի խփել, այն էլ ամեն օր… Արտուշ Սարգսյանն էլ որոշել է Նժդեհից ավելի Նժդեհ լինել ու կարգադրել է՝ հանել, հանել-տանել, տանել եւ անմխիթար վիճակում թողնել:

Գիտե՞ն այս մասին Երեւանում Նժդեհի՝ մայր արձանի համար ռուսերեն դոշ տվող հանրապետականները, չգիտեմ, վստահ չեմ, որ գիտեն, ավելի ճիշտ, վստահ չեմ, որ գիտեն Արտուշ Սարգսյանին. երբ կուսակցությունդ բազմամարդ է, բոլորին չես կարող ճանաչել՝ ֆիզիկապես: Բայց գիտեմ, որ այս մասին պետք է իմանան, մանավանդ, որ Արտուշ Սարգսյանը որոշել է, որ Նորաշենի գյուղապետի հաջորդ ընտրություններում կրկին առաջադրվելու է: Կուսակցությունը չգիտեմ, բայց Նժդեհը հազիվ թե պաշտպանի Արտուշ Սարգսյանին, եթե պաշտպաներ՝ չէր խփի, այն էլ ամեն օր, որքան ուզեր…

Հովիկ Աֆյան