Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան էր: Նժդեհի դերակատարներն են Արտաշես Ալեքսանյանը եւ Շանթ Հովհաննիսյանը:
Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ֆիլմից ստացած տպավորությունները լավն են: Ըստ նրա` էպիկական ֆիլմ նկարահանելը հեշտ չէ, բայց այս դեպքում կերպարը բացվել է: «Թեեւ մենք նայել ենք 5 սերիանոց ֆիլմի կինոտարբերակը, սակայն կարող եմ ասել, որ ֆիլմը ստացվել է: Օպերատորական շատ լավ աշխատանք է տարվել, տրամադրությունը ստեղծվել է: Մենք մինչեւ էդ կարծում էինք, թե կերպարը չի բացվել, «Յա Գարեգին Նժդեհ»-ի վրա էլ ծիծաղում էին, բայց ֆիլմը նայելուց հետո հասկացանք, որ ամեն ինչ ճիշտ է արված: Ուզում եմ նշել նաեւ, որ երաժշտությունը նույնպես լավն էր»,- ասաց կինոռեժիսորը:
Ըստ Մովսիսյանի` Նժդեհի դերակատարներից Արտաշես Ալեքսանյանի խաղն ավելի ուժեղ էր, քան Շանթ Հովհաննիսյանինը, քանի որ, Մովսիսյանի կարծիքով, երեւում էր, որ Շանթը թատրոնի դերասան է: Բայց, ըստ ռեժիսորի, Շանթը կարողացավ իր դերը տանել` չնայած խարիզման մի քիչ թույլ էր: «Թատրոնի դերասանը տեսախցիկին սովոր չէ, դրանից էլ գալիս էր Շանթի` կերպարի մարմնավորման մի քիչ թույլ լինելը, բայց մեկ է, կերպարը կարողացել էր ստանալ: Իսկ ահա Խորեն Լեւոնյանը շատ լավ խաղաց, կարծում եմ` սա իր լավագույն դերերից է լինելու»,- ասաց ռեժիսորը:
Նժդեհի կնոջ` Անուշի կերպարը մարմնավորած Արմինե Հարությունյանը, ըստ Մովսիսյանի, նույնպես լավ էր խաղում, սակայն զգացվում էր, որ լեզուն չգիտի: Իսկ ինչ վերաբերում է ֆիլմի ավարտին, ապա դրա գրաֆիկան մի քիչ թույլ էր. կարծում է Մովսիսյանը. «Վերջում մի քիչ շատ լաց եղավ Նժդեհը, բայց չի կարող պատահել, որ Նժդեհն այդքան լաց լիներ, քանի որ նա շատ ուժեղ մարդ էր: Ես չէի ուզենա այդքան լաց տեսնել, քանի որ տղամարդու արցունքը հավասար է ադամանդի, էլ չեմ ասում` Նժդեհի մասին»:
Ռեժիսորը նշում է, որ սա էպիկական ֆիլմ ստեղծելու առաջին քայլերն են եւ շատ հեշտ է քննադատել, բայց, որ ինքդ ոչինչ չանես. «Բոլորը քննադատում են, բայց ոչ ոք ոչինչ չի անում: Եկեք շնորհավորենք, որ ունենք նոր քայլեր, նոր ֆիլմ, որը ժողովուրդը նայելու է, քանի որ մարդիկ պահանջ ունեն` իրենց ֆիլմերը նայելու: Մարդիկ հոգնել են ամերիկյան, ֆրանսիական «տրյուկային» ֆիլմերից, ուզում են մերը նայել, քանի որ այն ավելի հարազատ է մեզ»: