Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առանց ատոմային էներգետիկայի Հայաստանը չի կարողանա ապահովել սեփական էներգետիկ անվտանգությունը. ճեպազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` հավելելով, որ թափոնների հարցը լուծված է:
«Մենք այսօր չենք կարող թափոններն այլ երկիր տեղափոխել, քանի որ արգելված է դրանք ինքնաթիռով տեղափոխելը: Նախկինում թափոնները հավաքվում էին առաջին ռեակտորում: Բայց 7 տարի առաջ առաջին ռեակտորում էլ տեղ չմնաց: Մենք որոշեցինք օգտագործել չոր եղանակով թափոնների պահպանման մեթոդիկան եւ, հաշվի առնելով միջազգային փորձը, պահեստարան կառուցեցինք ՀԱԷԿ-ի տարածքում»,- հայտնել է նախարարը:
Նրա խոսքերով` «ընդամենը 30 տոննա» ռադիոակտիվ թափոնները պահվում են հատուկ տարաներում, որոնք «շատ երկար կյանք ունեն»:
«ԷկոԼուր»-ի հարցին` տարեկան 30 տոննա ռադիոակտիվ թափոնը Հայաստանի նման երկրի համար շա՞տ է, թե՞ քիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը պատասխանել է. «Մեզ համար շատ է նույնիսկ 1 կգ թափոնը: Իհարկե, թափոնների թաղումը ստիպողական միջոցառում է: Բայց պետք է հաշվի առնել, թե ինչ կա արդեն այսօր, եւ միջոցառումներ ձեռնարկել ամենաքիչ վնասի համար: Թափոնների համար մենք առաջարկեցինք օգտագործել Ջաջուռի լքված ածուխի հանքը: Կարծում եմ, որ այնտեղ ավելի քիչ ռիսկեր կան թափոնների թաղման համար, քան ՀԱԷԿ-ի տարածքում: Բայց առաջարկությունը մնաց թղթի վրա»:
Նախարար Մովսիսյանը ջրի շրջանառության կապակցությամբ էլ նշել էր, որ ՀԱԷԿ-ից 100 մետր հեռավորության վրա կան ջրահոսքեր, որոնք պաշտպանված են ռադիոակտիվ ազդեցությունից: Ըստ Ռուբեն Յադոյանի` «ստորգետնյա ջրերն անցնում են ՀԱԷԿ-ի տակով եւ բեկվածքներով հոսում են Արարատյան դաշտ: Դա բարձր որակի խմելու ջուր է: Ձնհալի հետեւանքով դրանց մակարդակը բարձրանում է, հետո` իջնում: Երբ մակարդակը բարձր է, մեծանում է նաեւ ռադիոակտիվ աղտոտման ռիսկը: Եթե վթար լինի, ապա ջրահավաք ավազանից ջուրը կհոսի Արարատյան դաշտ: Ժամանակին առաջարկել ենք բարձրացնել համակարգի անվտանգությունը` օգտագործելով հատուկ տեխնոլոգիաներ: Մեզ ասացին, որ օգտագործում են եվրոպական համակարգ, բայց Եվրոպան չունի մեր առանձնահատկությունները»: