կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-08 06:17
Տնտեսական

Ռադիոակտիվ թափոնները կվնասազերծվեն պետբյուջեի հաշվին

Ռադիոակտիվ թափոնները կվնասազերծվեն պետբյուջեի հաշվին

Այս տարվա վերջին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը  նախատեսում է ավարտել «ՀՀ տարածքում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզի կազմման» աշխատանքները:

 

Այս մասին նշված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության  2011-2013թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում:

 

Փաստաթղթում նաև առանձին ներկայացված է «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայություններ» ծրագիրը, որը ֆինանսավորվելու է ՀՀ պետբյուջեից: Փաստաթղթում նշված է, որ «ծրագրի շրջանակներում իրականացվում է միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահպանմամբ ռադիոակտիվ թափոնների կենտրոնացված փոխադրում, ուսումնասիրում, պահպանում, վնասազերծում և թաղում՝ մարդկանց և շրջակա միջավայրը իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար»:

 

«ԷկոԼուրի» հաղորդմամբ, ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի հետ կապված աշխատանքները սկսեցին 2010թ. ապրիլ-մայիս ամիսներին Արարատի մարզի Զանգակատուն և Ուրցալանջ համայնքների վարչական տարածքում: Ըստ աշխատանքների ղեկավար Մարատ Գրիգորյանի՝ գերեզմանոցի կառուցման համար 150 մետր խորության վրա պետք է պատրաստվեին բունկերներ՝ բոլոր թափոնների մշտական տեղադրման համար և փորվեր 1 կիլոմետրանոց թունել:

 

Գյուղացիների հետ ունեցած բախումների արդյունքում աշխատանքներն այդ տարածքում դադարեցվեցին, և ծանր տեխնիկան սարքավորումների հետ դուրս բերվեց համայնքների տարածքից:

 

Նշենք, որ «ՀՀ տարածքում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզի կազմման» աշխատանքներն անցկացվում են ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 22-ի թիվ 228՝ «Ռադիոակտիվ հումքի ուսումնասիրման, հետազոտման, արդյունահանման և վտանգավոր ռադիոակտիվ քիմիական թափոնների թաղման նպատակով աշխատանքների իրականացման հատուկ թույլտվությունների տրամադրման կարգի հաստատման մասին» որոշման համաձայն: Նույն որոշման հիման վրա ՀՀ կառավարությունը 2008թ. ընդունեց  թիվ 234 որոշումը «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությանե ստեղծման վերաբերյալ, որը Հայաստանում իրականացնում է ուրանային ծրագիր և ներկայումս Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում անցկացնում է հորատման աշխատանքներ: