կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-26 22:22
Առանց Կատեգորիա

Արտահերթ ընտրությունների տեսիլքը

Արտահերթ ընտրությունների տեսիլքը

Քաղաքական մեծամասնությունը բոլոր հարմար առիթներով հայտարարում է, թե երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու օբյեկտիվ անհրաժեշտություն այս պահին չկա: Սակայն ներքաղաքական դաշտում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ այս դիրքորոշումը ցանկացած պահի կարող է կտրուկ փոխվել:

ԼՂ հակամարտության փակուղային իրավիճակը մեծացրել է արտաքին ուժային կենտրոնների դժգոհությունը թե Հայաստանի և թե Ադրբեջանի նախագահներից: Եվ չի բացառվում, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը Արևմուտքում համարեն արաբական սցենարով երկու երկրների իշխանություններն էլ փոխելու տարբերակը:

Հայաստանի փլուզված տնտեսությունն ու ձախողված պետական կառավարումը կարող են արտաքին միջամտության համար լրացուցիչ խթան դառնալ: Մյուս կողմից՝ նույն խնդիրների պատճառով ստեղծված սոցիալական ծայրահեղ ծանր վիճակը, անզսպելի դարձած գնաճը, սոցալական անարդարությունը, օլիգոպոլիաների ընդարձակումը սոցիալական բունտի իրական նախադրյալներ են ստեղծել, որոնք ներկայումս փորձում է քաղաքական պահանջարկի վերածել ՀԱԿ-ը: Այս երկու գործոնների փոխլրացման արդյունքում՝ արտահերթ ընտրությունների հեռանկարը կարող է դառնալ բավական իրատեսական: Իշխանության համար սա, անշուշտ, միայն պահեստային տարբերակ է:

Փակուղուց դուրս գալու համար դեռ կարելի է քաղաքական և վարչական որոշ գործիքներ օգտագործել` իրականացնել կադրային փոփոխություններ, կոռուպցիայի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկել և, ի վերջո, արձակել կառավարությունը` վարչպետին դարձնելով քավության նոխազ: Սակայն անգամ այս ամենը կարող են չբավարարել:

Եվ գիտակցելով դա` Սերժ Սարգսյանը նախաձեռնեց կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելու գործընթացը, որի արդյունքում՝ իշխանությունը դարձավ ավելի մոնոլիտ, այսինքն՝ լուրջ քայլ կատարվեց նրա վերարտադրությունը երաշխավորելու ուղղությամբ: Դա ակնհայտորեն քաղաքական մեծամասնությունը ձևավորելու հայտ էր: Այսպիսով իշխանությունը հասկացրեց, որ պատրաստ է թե՛ արտահերթ, թե՛ հերթական ընտրություններին: Չնայած դեռ կան հակասություններ՝ կապված միասնական ցուցակով հանդես գալու հետ, սակայն դրանք մարտավարական խնդիրներ են, որոնք կարող են լուծվել հընթացս:

Բայց կոալիցիայի թարմացումը չվերացրեց երկրում առկա խնդիրները: Հասարակության պահանջները քաղաքականացնելու փորձով ՀԱԿ-ը իշխանությանը դրեց այնպիսի վիճակի մեջ, որ վերջինս ստիպված գնաց «երկխոսության»: ՀԱԿ-ը նաև հստակ օրակարգ առաջարկեց` ի դեմս ներկայացված երեք պահանջների, որոնք ուղղված էին արտաքին ու ներքին հասարակական այդ ճնշումների միջավայրում իշխանության մանևրելու շրջանակների մեծացմանը:

Ըստ էության, տեղի է ունենում փոխշահավետ գործարք. ՀԱԿ-ը իշխանությանը հնարավորություն է տալիս որոշակի ոչ սկզբունքային քայլեր կատարելով՝ թուլացնել իր նկատմամբ ներքին ու արտաքին ճնշումները, իսկ իշխանությունն իր հերթին, ցույց տալով, որ ընդառաջ է գնում ՀԱԿ-ի պահանջներին, նպաստում է ընդդիմադիր դաշտում Կոնգրեսի ուժեղացմանը: Եվ չնայած վերջինս հիմա էլ պնդում է, որ արտահերթ ընտրությունների պահանջը ուժի մեջ է, սակայն այդ գաղափարը միայն հերթական ընտրություններին ընդառաջ ուժերը կոնսոլիդացնելու նպատակ է հետապնդում:

Եթե այդպես չլիներ, ՀԱԿ-ը իշխանությանը ժամանակ ձգելու, մանևրելու հնարավորություն չէր տա՝ հեղհեղուկ պահանջներ առաջադրելով: Մյուս կողմից` որքան էլ կառուցվածքային ու կազմակերպչական պոտենցիալի առումով ՀԱԿ-ն այսօր ընդդիմադիր դաշտում արտահերթ ընտրություններին ամենապատրաստ ուժն է, չափազանց կարևոր երկու հարցի շուրջ դեռևս մոտեցումներ չի հստակեցրել. առաջին` համակերպվելո՞ւ է արդյոք ՀԱԿ-ը խորհրդարանում կոալիցիոն հուշագրով քաղաքական փոքրամասնությանը վերապահված սահմանափակ տեղերով, թե՞ իշխանությունը վերցնելու, այսինքն՝ մեծամասնություն կազմելու խնդիր է դնում: Եվ երկրորդ, որ բխում է նախորդից. ի՞նչ սկզբունքով է կազմվելու ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը:

Ներկայումս իշանության և ՀԱԿ-ի միջև «երկխոսության» ծխածածկույթի տակ ընթացող խաղի իմաստն այն է, որ իշխանությունը ձգտում է ստիպել ՀԱԿ-ին համակերպվել նրա համար նախատեսված փոքրամասնության դերի հետ, իսկ վերջինս ուզում է` իշխանական մանդատների հաշվին, որքան հնարավոր է, մեծացնել խորհրդարանում իր ներկայացվածության մակարդակը: Եթե այս հարցում կողմերի միջև կոնսենսուս լինի, երկուսի համար էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կդառնա ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը: Իսկ սա անքան էլ անլուծելի խնդիր չէ, որքան թվում է առաջին հայացքից:

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ