կարևոր
1393 դիտում, 6 ժամ առաջ - 2025-06-24 17:54
Աշխարհ

Պատերազմը Մերձավոր Արեւելքում եւ Թուրքիա. միջնորդության հույսեր եւ ռազմավարական դասեր

Պատերազմը Մերձավոր Արեւելքում եւ Թուրքիա. միջնորդության հույսեր եւ ռազմավարական դասեր
Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի օդուժի հարվածներն Իրանին, որոնց հունիսի 22-ին միացել է ԱՄՆ-ը, մեծ ուշադրության առարկա են ամբողջ աշխարհում, բայց առաջին հերթին՝ Մերձավոր Արեւելքում եւ, մասնավորապես, Թուրքիայում: Դեմ չլինելով հարեւան երկրի որոշակի թուլացմանը եւ վախենալով նրա ենթադրյալ «միջուկային» հավակնություններից՝ Անկարայում անչափ ավելի շատ վախենում են Իրանի մասնատումից կամ «չկայացած պետության» վերածվելուց, ինչը հղի է Իրանի հյուսիս-արեւմտյան շրջաններից 534 կմ սահմանով փախստականների հոսքերով։ Պետք չէ անտեսել նաեւ «քրդական հարցի» հնարավոր արդիականացումը, ինչպես նաեւ իրանական գազի մատակարարման խափանումները, ինչը կարող է բացասաբար ազդել Թուրքիայի էներգետիկ անվտանգության վրա։

Իսրայելի առաջնային նպատակներից մեկը Թավրիզի շրջանն է՝ Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգի եւ թյուրքալեզու հյուսիս-արեւմուտքի մայրաքաղաքը, որտեղ ակտիվորեն աշխատում է թուրքական «փափուկ ուժը»: Այնուամենայնիվ, հարեւանի անջատողականութայն աջակցությունը միշտ հղի է սեփական «ապակե տան» խնդիրներով: Այսպես, իրանական քրդերի որոշ խմբավորումներ ինքնակառավարում են պահանջում, սիկ նրանցից մեկը՝ ոչ անհայտ «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցությունը» (PJAK), ընդհանրապես անկախոթյուն է պահանջել, ինչն ավանդաբար խիստ նյարդային արձագանք է առաջացնում Անկարայում։ Իրանի թշնամիների կողմից առանձնապես չթաքցվող աջակցությունն էթնիկ փոքրամասնությունների բնակության շրջաններում անջատողական շարժումներին կարող է դժվարացնել «քրդական հարցը» լուծելու Էրդողանի կառավարության ջանքերը մի շարք քաղաքական համաձայնագրերի եւ ոչ պաշտոնական պայմանվորվածությունների միջոցով: Չի բացառվում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարման հետ հազիվ համաձայն արմատականները, կարող են միավորվել PJAK-ի զինյալների հետ, այն ժամանակ սիրիական «մասնաճյուղը»՝ Սիրիական ժողովրդավարական ուժերի հրամանատար Մազլում Քոբանիի գլխավորությամբ, կկանգնի Արեւմուտքի եւ Իսրայելի կողմը: Միեւնույն ժամանակ Թեհրանում խիստ բացասական են գնահատում Մերձավոր Արեւելքում Անկարայի քաղաքականությունը, որը մեծապես պայմանավորեց Լիբանանում եւ Սիրիայում «դիմադրության առանցքի» փլուզումը, որն արդեն իսկ Իրանի դեմ ագրեսիայի անհրաժեշտ «նախապատրաստական փուլ» դարձավ:

«Իրանի՝ այսպես կոչված միջուկային զսպման ձգտումը, որը նրա առաջնորդներն արդարացնում են պաշտպանության անհրժեշտությամբ, Թուրքիայում դիտարկվում է որպես վտանգավոր արկածախնդրությունորը կարող է սպառազինությունների տարածաշրջանային մրցավազք հրահրել։ Իսրայելի ագրեսիային Թուրքիայի հակազդեցությունը չի ենթադրում լուռ աջակցություն Իրանի միջուկային հավակնություններին», - գրում է Մուրատ Յեշիլթաշը՝ Seta ազդեցիկ վերլուծական կենտրոնի անվտանգության փորձագետ եւ նախագահ Էրդողանին կից Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ: Դրա հետ մեկտեղ, Իսրայելի քաղաքականության նկատմամբ աճող մերժումն ուժեղացնում է Իրանի հանդեպ համակրանքը՝ ներառյալ վերջին օրերին Իսրայելի քաղաքներին հրթիռներով նրա պատասխան հարվածների հաստատումը: «Մենք դատապարտում ենք իրավունքն ու սահմանները չճանաչող Իսրայելի հակաիրանական հարձակումները, որոնք աղետի սանձազերծումից բացի այլ նպատակ չեն դնում», – հայտարաել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակը։ «Այս հարձակումը բարբարոսական դիրքորոշում է, որը բացառում է մարդկային արժեքներն ու դիվանագիտությունը», – հակադարձում է նրան փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազը: Իսրայելի հարձակումը հերթական անգամ ցույց տվեց «միջազգային հանրությանը, թե որքան վտանգավոր է դարձել Նեթանյահուի ցեղասպան վարչակազմը տարածաշրջանի եւ աշխարհի համար», - ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար: «Թուրքիան խորապես մտահոգված է Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ – ի հարձակման հնարավոր հետեւանքներով»,-հունիսի 22-ին հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ում՝ մեկնաբանելով B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչների, ինչպես նաեւ սուզանավերի հարվածները Ֆորդոյում, Նաթանզում եւ Սպահանում: - Ընթացիկ իրադարձությունները կարող են հանգեցնել տարածաշրջանային հակամարտության սրմանը մինչեւ գլոբալ մակարդակ։ Մենք չենք ցանկանում, որ այս աղետալի սցենարն իրականություն դառնա»։

Այս համեմատաբար զուսպ տոնը կտրուկ հակադրվում է մեկ օր առաջ Էրդողանի հայտարարությւններին, որը շաբաթներ շարունակ Իրանին ուղղված իսրայելական հարվածներն անվանել էր «ավազակություն»: Հարկ է նշել՝ չնայած Նեթանյահուի ՛անմարդկային ռեժիմի» ուղղությամբ պարբերաբար սրվող հռետորաբանությանը, ակ-Սարայի տերը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ միջնորդության հույս էր փայփյում։ Հունիսի 14-15-ը նա երկու անգամ զանգահարել է Թրամփի հետ, որից հետո բանակցել է իրանցի գործընկերոջ հետ՝ առաջարկելով հանդես գալ որպես միջնորդ՝ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններին վերադարձնելու համար, այսպես կոչված, «Իրանի միջուկային խնդրի»որոշման շուրջ: Բացի այդ, Թուրքիայի ղեկավարը ստեղծված իրավիճակը քննարկել է Պուտինի, Քաթարի Էմիրի եւ ԱՄԷ նախագահի հետ:Հունիսի 21-ին Թուրքիայի նախագահը Ստամբուլում ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը եւ պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը: Այնուամենայնիվ, ամերիկացիների կողմից Ֆորդոյում եւ այլուր ենթադրյալ «միջուկային» օբյեկտների ռմբակոծումը ակնհայտորեն դժվարացնում է հավանական միջնորդությունը, եթե այն ընդհանրապես չի բացառվում տեսանելի հեռանկարում:

Հազիվ թե Իրանի շուրջ իրադարձությունները Թուրքիայում ներքաղաքական լուրջ տեղաշարժերի հանգեցնեն, սակայն տնտեսական իրավիճակը կարող է խորանալ։ Փախստականների հավանական ներհոսքից բացի, հարկ է նշել Թուրքիայի կողմից ներկրվող նավթի գների աճը, ինչպես նաեւ Հորմուզի եւ Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցների խցանման կտրուկ մեծացած հավանականությունը, ինչն անխուսափելիորեն կխախտի Իրանից այլ արտահանող երկրներից էներգառեսուրսների մատակարարումըՄի երկրի համար, որը լրջորեն կախված է ածխաջրածինների ներմուծումից, դա կարող է լավ նորություն չլինել։ Օրինակ՝ 2025 թ-ի մարտին Իրանը Թուրքիային մատակարարել է գազի 10 տոկոսը (561 մլն խորանարդ մետր)՝ գրեթե մեկ քառորդով ավելի, քան մեկ տարի առաջ։ Իսկ թուրք-իրանական առեւտրի ընդհանուր ծավալը 2024 թ-ին գերազանցել է 14 մլրդ դոլարը։ Թուրքական «գազային հավասարումից» Իրանի դուրս գալը հազիվ թե նպաստում է Թուրքիան մակրոռեգիոնալ էներգետիկ հանգույցի վերածելու հավակնոտ ծրագրերի իրականացմանը։ «Իրանը կենսական դեր է խաղում «Արեւելք – Արեւմուտք» եւ «Հյուսիս – Հարավ» էներգետիկ ենթակառոցվածքներում, որոնց վրա Թուրքիան հենվում է ինչպես իր ներքին կարիքները բավարարելու, այնպես էլ տարածաշրջանային էներգետիկ կենտրոն դառնալու իր նպատակին հասնելու համար։ Իսրայելի գլխավոությամբ ցանկացած հակամարտություն, որն ուղղված է պատժամիջոցների, սաբոտաժի կամ պատերազմի միջոցով այդ ենթակառուցվածքը շարքից հանելուն, կվտանգի Թուրքիայի ռազմավարական տնտեսական շահերը եւ նրա զարգացման երկարաժամկետ ծրագրերը», - գրում է Յեշիլթաշը։ Միեւնույն ժամանակ, երկրի տարանցիկ կարգավիճակը կարող է մասամբ մեղմել «սեւ ոսկու» գների կարճատեւ եւ միջնաժամկետ բարձրացման հնարավոր բացասական հետեւանքները եւ Իրանից ներմուծման հնարավոր կրճատումը:

Կարելի է չկասկածել՝ պրագմատիկ թուրք առաջնորդները կփորձեն լիարժեք դրսեւորել իրենց բնորոշ գործնական մոտեցումը՝ առաջարկելով միջնորդություն եւ աշխատելով նոր տարանցիկ ուղիների ստեղծման եւ ընդլայնման ուղղությամբ։ Հույսը չդնելով միայն դիվանագիտության վրա՝ թուրք փորձագետներն առաջարկում են մտածել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում որոշ դիրքորոշումների վերանայման մասին՝ առաջարկելով «դիմել ռազմավարական զսպմանը, որն ապահովված է առաջադեմ ռազմական հնարավորություններով»։ Ազգային ռազմարդյունաբերական համալիրի վրա հենված սպառազինությունների առաջավոր համակարգերի զարգացումը, որն ապահովված է համապատասխան դոկտրինով եւ ռազմական գործողությունների մի քանի թատերաբեմերումգործելու պատրաստակամությամբ, կոչված է էլ ավելի բարձրացնելու ժամանակակից Թուրքիայի հեղինակությունն ու աշխարհաքաղաքական նշանակությունը տարածաշրջանում։

 

Անդրեյ Արեշեւ

Աղբյուրը՝ infoshos.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի