Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
- Բայց ինչո՞ւ են վարագույրի վրա ամպեր նկարված (աղջիկ):
- Որովհետեւ…որովհետեւ ես կարծում եմ, որ երջանիկ մարդիկ պետք է ամպերի մեջ ապրեն (բժիշկ):
- Բայց ես սիրում եմ ամպերին նայել պատուհանից, նայել իրական ամպերին (աղջիկ):
«Թռիչք քաղաքի վրայով» ներկայացման հերոսներից (դերերում` Նարինե Գրիգորյան, Սերգեյ Թովմասյան) յուրաքանչյուրն ուներ լույսը տեսնելու իր մեթոդը, եւ, չնայած երկուսն էլ գիտեին, որ խավարում չեն ապրում, սպասում էին: Նրանք գերադասեցին ձեւը փոխարինել իմաստով:
«Թատրոն X»-ի շրջանակներում ցուցադրվող այս ներկայացումը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու` միջազգային բեմերում հայտնվելու առումով:
«Թռիչք քաղաքի վրայով» (հեղ. Անուշ Ասլիբեկյան) ներկայացումը հանդիսատեսին «ստիպում» էր զգալ յուրաքանչյուր դրվագ, մաս, խաղ, որն իրականություն էր կամ առնվազն իրականությունից վերցված իրականություն:
«Աշխարհում ամեն ինչ կա, ամեն ինչ` ծնունդ, մահ, ուրախություն…Իսկ դու գիտես, թե ի՞նչ է վախը. վախն ապրելն է ու այդ ամենը չտեսնելը, քանզի աշխարհը շատ գեղեցիկ է` անգամ իր աղետներով»:
Սիրո պատմություն, որ այդպես էլ ավարտ չունեցավ, քանի որ հասկացությունները շատ էին խցկվում հերոսների ստեղծած աշխարհում. հարաբերություններ, որոնք անգամ սկիզբ չունեցան, բայց հասցրին մնալ անավարտ: Սակայն վաղն ամեն ինչ այլ կլինի, քանզի աշխարհում ամեն ինչ կա…
«Ներկայացման պահին դու ուզում ես քո խաղընկերոջ կողքին լինել, դու իրեն ես դարձնում թագավոր, ինքը` քեզ: Հետաքրքիր է, բայց ես խաղալու ընթացքում չեմ տեսնում հանդիսատեսին, այ, ծիծաղները լսում եմ, ու միշտ մայրիկիս ծիծաղը տարբերակում եմ»,- մի առիթով ասել է Նարինե Գրիգորյանը,:
Այս անգամ էլ` ինքը Թովմասյանին թագավոր դարձրեց, Թովմասյանն` իրեն:
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը ներկայացման քննարկման ժամանակ նշեց, որ բեմադրությունը նորարարական է, իսկ Նարինեի ձայնի պլաստիկան` ցնցող:
Գրականագետ Գուրգեն Գասպարյանը նշեց, որ «Թռիչք քաղաքի վրայով»-ը էլիտար ներկայացում է, իսկ դերասանուհին տիրապետում է խոսքի եւ ձայնի պլաստիկայի, ինչը շատ կարեւոր է:
Նույն կարծիքին էին թատերական ինստիտուտի մի քանի ուսանողներ, իսկ ահա փառատոնի նախագահ Արա Խզմալյանը նշեց, որ չնայած Նարինեն սիրել է տալիս թատրոնը եւ շատ լավ է խաղում, սակայն հերոսների միջեւ հարաբերություններն այդպես էլ չեն հասունանում մինչեւ վերջ:
Այնուամենայնիվ, փաստենք, որ ներկայացումը դեռ շատ ծափերի է արժանանալու: