Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, երեկ «Ազատություն» ռադիոկայանի հարցին պատասխանելով, հայտարարել է, որ Հայաստանն այս պահին չի կարող դիմել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային` նոր ծրագրի համար, քանի որ մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին: Նա նշել է, որ ՀՀ իշխանությունները կարող են աշխատել շտկել թերությունները, եւ միգուցե այդ ժամանակ ֆինանսավորումը վերականգնվի: «Ամեն տարի քննարկվում է, թե տվյալ երկիրը կարո՞ղ է դիմել նոր ծրագրի համար, թե՞ ոչ: Այս պահին Հայաստանը չի կարող դիմել: Կարծում եմ` սա նաեւ խթան պետք է լինի, որպեսզի աշխատանք իրականացվի այն ցուցանիշների մասով, որոնք չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին, մասնավորապես` լավ կառավարման ասպարեզում: Կառավարման թերությունների մեջ են ներառված նաեւ ընտրությունների անցկացման, մամուլի ազատության, հանրահավաքների կազմակերպման ոչ ազատ պայմանների խնդիրները»,- ասել է դեսպանը: