կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-15 04:17
Հասարակություն

Տակտի նորմե՞րն է խախտել` աչքը տնկելով ուրիշի պաշտոնին

Տակտի նորմե՞րն է խախտել` աչքը տնկելով ուրիշի պաշտոնին

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր գերատեսչությունում վերջերս հաճախակի դարձած կադրային փոփոխությունները պայմանավորում է «մասամբ նաեւ նախագահի պահանջների խստացումով»:

«Ես էլ ոստիկան եմ, ես էլ էդ ճանապարհն անցել եմ, ամեն մի հեռացված մարդու հետ լուրջ հոգեկան ապրումներ եմ ունենում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ նախագահի դիտողությունը ճիշտ է` մի քիչ ավելի պիտի խստացնել։ Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ես էլ պիտի մոտեցումս փոխեմ»,- ասաց նա` ընդգծելով, որ անպատժելիությունը ոստիկանությունում այլեւս անընդունելի է, եւ ոչ ոք այսուհետեւ չի խնայվելու:

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այն լուրերը, թե Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հավակնում է դառնալ ՀՀ ոստիկանապետ, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Վատ է էն զինվորը, որը չի ուզում գեներալ դառնալ: Ուրիշ բան, եթե մարդը, ասենք, տակտի նորմերը խախտի ու ինչ-որ աշխատող մարդու պաշտոնի, տեղի վրա խոսակցություն տանի։ Ես դա, բնականաբար, չեմ ընդունում»:

Նա նաեւ ասաց, որ Ներսես Նազարյանի հետ, բացի գործընկերային հարաբերություններից, որեւէ այլ հարաբերություն չունի. «Նա իմ ենթական է, նաեւ ղեկավարում է Երեւան քաղաքի կայազորը, իմ վարչության պետն է, իմ հանձնարարությունները կատարում է առանց քննարկման»:

Ինչ վերաբերում է ոստիկանապետի պաշտոնին, ապա «ո'չ ես, ո'չ էլ պարոն Նազարյանն է դա որոշում. մեր երկրում դա որոշում է հանրապետության նախագահը»։

«Հանրապետության նախագահն է ինձ նշանակել, նախագահն էլ մի օր կորոշի` Նազարյանը կլինի, թե ով կլինի: Դա, ճիշտն ասած, ինձ այդքան էլ չի հետաքրքրում: Գիտեք, շատ թեկնածուներ կան էս պաշտոնի համար հավակնողներ, որոնք, չգիտեմ, հույսեր են փայփայում, երազում են, մտածում են: Ես հիմա հումորով եմ վերաբերվում, շատ հումորովվ. օրը կգա եւ նախագահը կորոշի, իսկ մնացածի ջանքերն ու տառապանքներն իզուր են, թող հանգստանան ու զբաղվեն իրենց գործերով»,- խոսքը եզրափակեց ոստիկանապետը: