կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-13 02:22
Իրավական

Մեղավորը անհանդուրժող քաղաքական գործիչներն են

Մեղավորը անհանդուրժող քաղաքական գործիչներն են

Վերջին շրջանում ԶԼՄ-ների նկատմամբ դատական հայցերի շատանալը բացատրվում է վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացմամբ, սակայն կան նաեւ այլ հարցեր. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ըստ նրա` նախկինում, երբ այդ իրավախախտումները քրեական օրենսգրքով էին ամրագրվում, բավականին երկար ու բարդ գործընթաց էր սկսվում բողոքի դեպքում, բացի այդ` քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքում լայն արձագանք կարող էր լինել: Այդ պատճառով շատերը չէին էլ դիմում իրավապահ մարմիններին:

Ա. Մելիքյանը առհասարակ առաջադեմ քայլ է համարում օրենքում այդ փոփոխությունն ու վերոնշյալ իրավախախտումների ապաքրեականացումը: Սակայն, նրա խոսքերով, Հայաստանն այնքան հետաքրքիր երկիր է, որ նույնիսկ պրոգրեսիվ քայլերը կարող են ոչ դրական հետեւանքներ ունենալ:

Բանն այն է, որ, բացի օրենքի անկատարությունից, կա նաեւ դատական համակարգի ոչ անկախ լինելը եւ հասարակական-քաղաքական դեմքերի անհանդուրժողականությունն իրենց հասցեին արված քննադատությանը:

Ա. Մելիքյանը նշեց, որ հաճախ մարդիկ վիրավորանք են համարում զուտ քննադատությունը, եթե նույնիսկ դրանում վիրավորական խոսքեր, պիտակավորումներ չկան: Եվ այս դեպքում նա հիշեցրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սկզբունքներից մեկը, ըստ որի` քաղաքական գործիչները պետք է ավելի հանդուրժող լինեն մամուլի քննադատությունների նկատմամբ, քան շարքային քաղաքացիները:

Այս նույն սկզբունքն էր մեջբերել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` լրատվամիջոցների նկատմամբ հանդուրժող լինելու` դատարավորներին ուղղված իր ուղերձում:

«Երկիր»-ի հարցին, թե բացի նման կոչերից, որոնք իրականում գրեթե անարդյունք են, Կ. Անդրեասյանն ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել իրավիճակը հարթելու համար, Ա. Մելիքյանը պատասխանեց. «Օմբուդսմենն արեց այն, ինչ իր իրավասության սահմաններում էր, բայց նույնիսկ լրատվամիջոցները թերահավատորեն մոտեցան դրան: Ինքը չէ, որ դատական համակարգի անկախությունը պետք է ապահովի: Սա լուրջ խնդիր է, որը լուծվում է քաղաքական բարձրագույն ատյաններում, եւ նա քիչ հնարավորություն ունի այդ իրավիճակի վրա ազդելու»: