Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Պետք է հասնենք նրան, որ ՀՀ-ում կենսաթոշակների նշանակումն ու վճարումը դառնա ոչ թե կասկածելի, կոռուպցիոն ռիսկեր պարունակող, այլ թափանցիկ գործընթաց, որը թույլ կտա մինչեւ տարեվերջ ՀՀ-ում ունենալ կոնկրետ թվով կենսաթոշակ ստացող մարդկանց քանակ եւ պետության կողմից հատկացված կոնկրետ միջոցների վճարում»,- խոսելով կենսաթոշակային համակարգում իրականացվող փոփոխությունների մասին` այսօր լրագրողներին ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:
Մանրամասն ներկայացնելով համակարգում կատարվող բարեփոխումները` Ա. Գրիգորյանը նշեց, որ նախարարությունը լուրջ ու ծանր աշխատանք է իրականացրել: Մասնավորապես` ամբողջությամբ կհամակարգվի կենսաթոշակների նշանակման ու վճարման գործընթացը, կգործի մեկ միասնական տեղեկատվական համակարգ, որով մահացած կենսաթոշակառուների վերաբերյալ տեղեկատվությունն առցանց կստացվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգի տեղեկատվական բազայից:
Նախատեսվում է տեղեկատվության ստացում նաեւ մեկ այլ բազայից, որով կֆիքսվի ՀՀ քաղաքացիների տեղաշարժի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն: «Կա՞ կենսաթոշակառու, կլինի վճարում, չկա՞ կենսաթոշակառու, չի լինի վճարում»,- փաստեց Ա. Գրիգորյանը` հավելելով, որ նախարարությունն ակնկալում է արդիականացված տեղեկատվական բազաների ներդրման միջոցով բացառել պետական պաշտոնյայի կամ պետական աշխատողի միջամտությունը որեւէ խնդրի լուծմանը:
«Եթե կենսաթոշակառուն մահացած է, սակայն տեղի է ունեցել վճարում, ապա Սոցիալական ապահովության պետական ծառայության մարմինը, համապատասխան տեղեկատվությունը ստանալուց հետո, պարտավոր է անմիջապես դիմել իրավապահ մարմիններին: Այս հարցը հետեւողական դրվելու է, որպեսզի այսուհետ բացառենք նման դժգոհությունների առաջացումը,- ասաց նախարարը:- Ես հավատացած եմ եւ հուսով, որ մեր կողմից իրականացված աշխատանքները թույլ են տալու կարճ ժամանակահատվածում ունենալ հստակ պատկեր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ»:
Կենսաթոշակային նոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ապրիլից, սակայն գործողությունները կտարածվեն 2011թ. հունվարից հետո ծագած հարաբերությունների վրա, հետեւաբար` հետադարձ հաշվարկ ու վերահաշվարկ կարվի: