կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-16 02:56
Արցախ

Ադրբեջանը` ահաբեկիչ պետություն

Ադրբեջանը` ահաբեկիչ պետություն

ԼՂՀ-ում դրական են վերաբերվում Սոչիի հանդիպման արդյունքներին, որը հնարավորություն կտա շարունակելու բանակցային գործընթացը, ինչը լիովին համապատասխանում է հայկական կողմի եւ ԼՂՀ պաշտոնական դիրքորոշմանը` խաղաղ ճանապարհով հասնել հակամարտության կարգավորմանը. անդրադառնալով մարտի 5-ի եռակողմ հանդիպմանը` այսօր կարծիք հայտնեց ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

 

Հիմնախնդրի կարգավորման ամենաարդյունավետ տարբերակը, ըստ արցախցի պատգամավորի, ԼՂՀ միջազգային ճանաչումն է, ինչը հնարավորություն կստեղծի, որ Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ առկա խնդիրները քննարկվեն իրավահավասարության մթնոլորտում:

 

Բանախոսը, սակայն, փաստեց, որ պաշտոնական Բաքուն փորձում է ձգձգել բանակցությունները եւ խեղաթյուրել կարգավորման գործընթացը, որովհետեւ ԼՂՀ խնդրի խաղաղ ճանապարհով լուծումը տանում է դեպի ԼՂ-ի փաստացի անկախ կարգավիճակի միջազգայնացման, «ինչն Ադրբեջանի այսօրվա իշխող կլանը չի կարող մարսել ու իրացնել»:

 

Դա Վ. Աթանեսյանին ստիպում է մտածել, որ միջազգային այն ջանքերը, որ այսօր գործադրվում են Սոչիի հանդիպումից հետո, Ադրբեջանի մեղքով հնարավոր է ձախողվեն: «Խնդրի խաղաղ կարգավորումը ձեռնտու չէ Ադրբեջանին, խաղաղ կարգավորման ցանկացած տարբերակ միջազգայնորեն օրինականացնում է ԼՂՀ փաստացի անկախ կարգավիճակը: Եվ քանի որ Ադրբեջանում իշխող քաղաքական ուժը չի կարող խաղաղ բանակցություններ վարել, այդ պատճառով միշտ փորձում է շփման գծում սրել իրավիճակը, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը ԼՂ-ի բուն խնդրից տեղափոխի դեպի հակամարտ կողմերի զորքերի շփման գիծ»,- նկատեց պատգամավորը` հավելելով, որ դրանով Ադրբեջանն օգտագործում է իր մշտական հաղթաթուղթը` սպառնալիքի լեզուն, ասել է թե` «մենք ուզում ենք ստանալ ամեն ինչ, հակառակ դեպքում պատերազմ կսկսենք»:

 

Ըստ բանախոսի` դա է վկայում նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը դեմ է արտահայտվում շփման գծից դիպուկահարների հետ քաշման առաջարկին:

 

Ինչ վերաբերում է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը, ապա, բանախոսի կարծիքով, Ադրբեջանն այսօր նման գործողությունների ծրագիր չի քննարկում, բայցեւ իսպառ չի էլ բացառում պատերազմական գործողությունները վերսկսելու տարբերակը: Ադրբեջանը, Աթանեսյանի բնորոշմամբ, Հարավային Կովկասում դարձել է ահաբեկիչ պետություն:

 

«Միջազգային ահաբեկիչը օդանավ է առեւանգում եւ ասում է` եթե օդանավը չթռչի Սինգապուր, ապա ես այն կպայթեցնեմ: Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն էլ հայտարարում է` եթե խնդիրը չի կարգավորվում այնպես, ինչպես ես եմ ցանկանում, ապա պատերազմ եմ սկսում: Նույն ահաբեկչական վերաբերմունքն է»,- նշեց Աթանեսյանը` փաստելով, սակայն, որ դա, ցավոք, համարժեք վերաբերմունքի չի արժանանում միջազգային հանրության կողմից: