կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-15 06:55
Քաղաքական

"Ժառանգությունը" վճռական է

"Ժառանգությունը" վճռական է

Իշխանության ուղղորդմամբ ուժային կառույցների կողմից «Ժառանգություն» կուսակցության դեմ ծավալվող քրեականացված հետապնդումները ակնհայտ դարձրին, որ կուսակցությունը այլ ընդդիմադիր գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ ընդհուպ մոտեցել է իշխանության համար խիստ վտանգավոր եզրագծին. ասվում է «Ժառանգության» հայտարարության մեջ:

 

Փաստաթղթում ասվում է, որ մարտի 3-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել ոստիկանի դեմ բռնություն կիրառելու փաստով, եւ Արմեն Մարտիրոսյանին ու Զարուհի Փոստանջյանին մարտի 12-ին պաշտոնական ծանուցագրեր են ուղարկվել հարցաքննության հրավիրելու մասին: Սակայն դրանցում պահպանված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի համապատասխան դրույթը, համաձայն որի` ծանուցագրում պարտադիր պետք է նշվի հարցաքննության կանչվողի կարգավիճակը:

 

Նույն օրը գլխավոր դատախազությունը Տիգրան Փոստանջյանի դեմ սարքված մեղադրանքի վերաբերյալ` իբրև թե նախաքննությամբ պարզված լրացուցիչ տեղեկություններ է հրապարակել` կոպտորեն խախտելով անմեղության կանխավարկածը:

 

«Մեծագույն պատասխանատվության գիտակցումով մեր երկրի ու սերունդների առջև վստահեցնում ենք ողջ հասարակությանը և նույնիսկ յոթ տարի կրկին իշխելու հանցագիրը ստորագրած իշխանությանը, որին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում որակեց որպես վերջնագիր հայ հասարակությանը, որ «Ժառանգությունը» քաղաքացիական այլևս անվախ հասարակության և իրապես ընդդիմադիր գործընկերների հետ միասին առավել վճռական է պայքարելու հանուն Հայոց հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու` հայ մարդու բռնազավթված իրավունքի վերականգնման»,- ընդգծվում է հայտարարության մեջ: