Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չի բացառվում, որ նորաստեղծ «Շրջադարձ» կուսակցությունը միանա Հայ ազգային կոնգրեսին, թեեւ դեռեւս դրա ղեկավարների հետ քննարկումներ չեն եղել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շրջադարձ» կուսակցության նախագահ Սիմոն Ղոնաղչյանը եւ հավելեց, որ այսօր միանալու են ՀԱԿ-ի կողմից կազմակերպված հանրահավաքին, որը հարգանքի տուրք է 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների հիշատակին:
«Շրջադարձը» միացել է նաեւ ՀՅԴ-ի նախաձեռնած «Քվեն ուժ է» շարժմանը: «Նախընտրական ժամանակաշրջանում այս շարժումը կարող է օգտակար լինել ընտրական պրոցեսների կանոնակարգման համար` հանրային վերահսկողության տեսանկյունից»,- ասաց Ս. Ղոնաղչյանը:
«Շրջադարձը» դեռեւս պաշտոնապես գրանցված չէ, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասում են արդարադատության նախարարության պատասխանին: Սակայն կուսակցությունն արդեն ունի 400 պոտենցիալ անդամ:
Ս. Ղոնաղչյանն ասաց, որ մարդկանց հոսքը կուսակցություն ներկայումս արհեստականորեն դանդաղեցված է: Առհասարակ, «Շրջադարձը» ոչ թե բազմամարդ, այլ փոքր, լավ կառավարվող եւ արագ արձագանքող կուսակցություն է լինելու, որի ծրագրերը, ինչպես խոստանում են, բխելու են ժողովրդի շահերից: