կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-31 18:02
Հասարակություն

Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանություն. բացահայտված խնդիրներ և մտահոգիչ դրսևորումներ, հնարավոր լուծումներ. մաս 2

Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանություն. բացահայտված խնդիրներ և մտահոգիչ դրսևորումներ, հնարավոր լուծումներ. մաս 2

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄ

Կոմիտեի 2014 թվականի եզրակացություններում նշված է, որ Հայաստանում աշխատանքային ժամերը չեն համապատասխանում խարտիայի 2.1 հոդվածին այն հիմքով, որ առանձին կատեգորիայի աշխատողների ամենօրյա աշխատաժամանակը կարող է կազմել օրական 24 ժամ և շաբաթական 48 ժամ:

Հարկ է նաև նշել, որ 2014 թվականին օրական 24-ժամյա աշխատանքն արգելող օրենքի նախագիծ էր դրվել շրջանառության մեջ, սակայն հետագայում այն չընդունվեց՝ գործատուների շահը գերադասելու արդյունքում:

Միջազգային իրավունքի նորմերով՝ ցանկացած դեպքում օրական աշխատաժամանակը չպետք է գերազանցի 16 ժամը: Օրական 24 ժամ և շաբաթական 48 ժամ աշխատանքային ռեժիմ թույլատրելի է կիրառել ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշմամբ սահմանված ցանկով (ցանկը բաղկացած է 40 կետերից) աշխատանքներ կատարողների համար, այդ թվում՝ բժշկական անձնակազմեր, դայակ, դաստիարակ, պահակ, հնոցապան և այլն: Այս խնդիրն առավել տարածված է առողջապահության, սոցիալական պաշտպանության, կապի, էներգամատակարարման և այլ ոլորտներում:

Աշխատանքային այս ռեժիմն արգելումն այն կիրառող կազմակերպությունների համար կառաջացնի շուրջ 20 տոկոսի չափով լրացուցիչ հաստիքների և աշխատավարձին ուղղվող լրացուցիչ միջոցների պահանջ՝ հերթափոխային աշխատող անձնակազմների գծով: Եվ, թերևս հենց սա է պատճառը, որ այս խնդրահարույց ռեժիմը շարունակվում է պահպանվել մեր երկրում:

Նշված խնդրի լուծման համար անհրաժեշտ է փոփոխել Օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասը՝ հանելով օրական 24 ժամ, շաբաթական 48 ժամ աշխատաժամանակի ռեժիմի կիրառման հնարավորությունը: 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄ 

Կոմիտեն 2016 թվականին եզրակացրել է, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի կենսաթոշակային տարիքի լրանալու հիմքով հակասում է Խարտիայի 24-րդ հոդվածի պահանջներին: Սա համարվում է նաև տարիքի հիմքով խտրականության դրսևորում:

Այս խնդրին նախկինում անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը և ուժը կորցրած է ճանաչել նմանատիպ կարգավորում պարունակող Օրենսգրքի համապատասխան դրույթը: Սակայն դրանից հետո Օրենսգիրքը նորից լրացվել է գրեթե նույնաբովանդակ դրույթով:

Խնդրի լուծումը պահանջում է Օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանել աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում պայմանագրի լուծման հիմքը՝ լիարժեք բացառելով տարիքի հիմքով խտրականությունը:

ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ և ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Օրենսգրքի 183-րդ հոդվածի պահանջով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված են ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների ցանկերը, որի արդյունքում՝

- միևնույն աշխատանքի՝ իրարից էապես տարբերվող պայմաններ ապահոված գործատուների համար սահմանված են նույն պարտավորությունները՝ աշխատավարձի նկատմամբ համապատասխանաբար 30 կամ 50 տոկոս հավելումների վճարում, լրացուցիչ արձակուրդի տրամադրում,

- չեն խրախուսվում գործատուի ներդրումները աշխատանքի պայմանների բարելավման ուղղությամբ, քանի որ գործատուն կարող է ընդամենը վճարել հավելում և դրանով իսկ ապահովել իր հիմնական պարտավորությունների կատարումը, որոնք բխում են աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումից,

- խախտվում է Խարտիայի 2-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը, ըստ որի՝ աշխատանքի արդար պայմանների իրավունքի արդյունավետ իրականացման համար պետք է վերացվեն վտանգավոր կամ առողջության համար վնասակար աշխատանքները, իսկ այն դեպքերում, երբ դեռևս հնարավոր չէ վերացնել կամ նվազեցնել այդ վտանգները` պետք է նախատեսվի աշխատանքային ժամերի կրճատում կամ լրացուցիչ վճարովի արձակուրդ:

Աշխատողների հիմնարար իրավունքներից բխող այս խնդրի լուծումը պահանջում է՝ 

- ՀՀ կառավարության կողմից ցանկերի սահմանման Օրենսգրքի պահանջի վերացում,

- փոխարենը՝ Օրենսգրքով հետևյալ տարբերակված­ պահանջի նախատեսում. աշխատողներին, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված՝ առողջության համար անվտանգ մակարդակի, տրամադրվում է ամենամյա լրացուցիչ արձակուրդ, աշխատանքի ընթացքում հատուկ ընդմիջումներ և վճարվում են աշխատավարձի հավելումներ,

- Օրենսգրքով նախատեսել, որ ՀՀ կառավարությունը հնարավոր ամենասեղմ ժամկետներում հաստատի և իրականացնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման երկարաժամկետ ազգային ծրագիր՝ պետության անհրաժեշտ մասնակցությամբ և մասնավոր հատվածի հետ փոխշահավետ գործընկերության սկզբունքով:

ԱՇԽԱՏՈՂԻ ԿՅԱՆՔԻՆ և ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ

 

ՀՀ  օրենսդրությամբ նախատեսված չեն ամբողջական կարգավորումներ՝ կազմակերպությունների լուծարման և համապատասխան դրամական միջոցների բացակայության պարագայում վնասի հատուցման վճարումը շարունակելու վերաբերյալ: Այս հատուցման իրավունքը աշխատողը ձեռք է բերում, երբ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի արդյունքում աշխատողի կյանքին և առողջությանը պատճառվում է վնաս գործատուի մեղքով: Այս հատուցման իրավունքը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ պատճառված վնասի արդյունքում կորցված աշխատունակությունը չի վերականգնվել: Սա նաև Խարտիայի և ԱՄԿ 173 կոնվենցիայի պահանջն է:

Սակայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված չի վնասի հատուցման պատասխանատու այն դեպքում, երբ կազմակերպությունը լուծարվում է և համապատասխան դրամական միջոցները բացակայում են: Այս կարգավորման բացակայության պատճառով բազմաթիվ քաղաքացիներ ներկայումս չեն ստանում վնասի հատուցում և արդարացիորեն դժգոհում են տարիներ շարունակ: Այս քաղաքացիների թվում են նաև շուրջ 15 տարի լուծարման գործընթացում գտնվող «Հայկական ավիաուղիներ» կազմակերպության նախկին աշխատողները (օդաչուները): Տարբեր հաշվարկներով նրանց թիվը շուրջ 800 է և նրանք տարիներ շարունակ իրենց արդարացի բողոքն են ներկայացնում գործող իշխանություններին: Սակայն խնդիրը մնում է չլուծված, քանի որ պետական բյուջեից պահանջում է լրացուցիչ ծախսեր: 

Այս խնդրի համակարգային լուծման համար անհրաժեշտ են՝

-    ՀՀ օրենսդրությամբ նախատեսել պահանջ, որ պետական բյուջեի միջոցներից վճարվեն այն քաղաքացիների վնասի հատուցումը, որոնք վերը բերված ոչ լիարժեք կարգավորման արդյունքում չեն ստանում այդ գումարները, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ պետության այդ պարտավորությունը վերացվել է 2004 թվականի օգոստոսից,

-  ներդնել գործատուի կողմից աշխատողին դժբախտ դեպքերից պարտադիր ապահովագրության գործուն համակարգ՝ պետական կամ դասական ապահովագրության եղանակով, հաշվի առնելով այս ուղղությամբ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները և առանձին երկրների հաջողված փորձը:

Շարունակելի

Սկիզբը՝ այստեղ: