կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-25 21:29
Առանց Կատեգորիա

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Սկսել ա

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ.  Սկսել ա

Երեկ «Մարկո Պոլո» սրճարանի մոտից 19:40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության մի քանի ներկայացուցիչներ Կենտրոնի բաժին են բերման ենթարկել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին, որոնք այդ պահին բաժանելիս են եղել ՀԱԿ-ի` մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի թռուցիկները:

 

Կենտրոնի բաժին են տարվել եւ շուրջ 3 ժամ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում պահվել 7 տղա եւ 3 աղջիկ: Սարգիս Գեւորգյանը, Արեգ Գեւորգյանը, Հովհաննես Քիրամիջյանը, Սերգեյ Գասպարյանը, Սահակ Մուրադյանը, Սարգիս Ղազարյանը, Գուրգեն Ասատրյանը, Հերմինե Մաթեւոսյանը, Տաթեւ Պողպատյանը եւ Մարիամ Մուրադյանը երեկ ուշ երեկոյան ազատ են արձակվել ոստիկանության բաժանմունքից: Աղջիկներին ազատ են արձակել հենց ոստիկանության շենքից, իսկ տղաներին տարել են նարկոդիսպանսեր` համապատասխան լաբորատոր ուսումնասիրության համար:

 

Մեր տեղեկություններով, սակայն, նարկոդիսպանսերում հրաժարվել են ընդունել տղաներին եւ համապատասխան հետազոտություն իրականացնել:

 

Երեկ, երբ երիտասարդների ձերբակալման լուրը տարածվեց սոցիալական ցանցերում, կարճ ժամանակ անց Կենտրոնի ոստիկանության շենքի մոտ հավաքվեցին հարյուրավոր մարդիկ, հիմնականում` երիտասարդներ: Ի դեպ, ցանցերում նաեւ տեղեկություն տարածվեց, թե ոստիկանությունում անջատել են լույսերը եւ ծեծի են ենթարկել երիտասարդներին, ապա ժամանել է շտապօգնության մեքենան, բժիշկները ներս են մտել, ապա դուրս եկել եւ հայտարաել, թե երիտասարդների վիճակը նորմալ է:

 

Ի դեպ, հենց այն պահին, երբ մեզ հաջողվեց մուտք գործել ոստիկանության շենք, աղջիկների տրամադրությունը բավական բարձր էր, եւ նրանց վրա բռնության ակնհայտ հետքեր մենք չնկատեցինք` չնայած նրանցից ոմանք ուղեգիր պահանջեցին դատաբժշկական փորձաքննության ենթարկվելու համար:

 

Ավելացնենք նաեւ, որ երիտասարդների պաշտպանությունը իրականացնում էին երկու փաստաբան, այստեղ էին նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Ստյոպա Սաֆարյանը:

 

Երեկ ուշ երեկոյան խիստ նյարդային վիճակում էին թե' ոստիկանության շենքը «ցեպիտ տված» ոստիկանները, թե' հավաքված հասարակությունը: Երկուստեք հնչում էին վիրավորանքներ` ոստիկանները քաղաքացիների հասցեին, քաղաքացիները` համազգեստավորների: