|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
«Անկեղծ ասած, Վիգեն Էուլջեքյանի կնոջ՝ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ուղղված նամակի հրապարակայնացման ու Ադրբեջանում սպասվող համաներման միջև որևէ կապ չեմ տեսնում։ Չեմ կարծում, որ այդ համաներումը վերաբերելու է հայ պատանդներին, այստեղ տրամաբանական խզում տեղի կունենա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների, պատանդների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Նա մանրամասնել է՝ ադրբեջանցի դատախազները, որոնք պետության ներկայացուցիչներ են, դատարաններում գերի պահվող անձանց արարքը և մեղքը ծանրացնող բազմաթիվ գործոնների մասին են խոսում, որից հետո հայցում են ցմահ ազատազրկման տեսքով պատժամիջոցներ՝ ինչ-որ չափով բավարարելով հասարակության հայատյաց տրամադրությունները։ Այս պայմաններում դժվար թե համաներման թիրախ լինեին հենց այս նույն հայ պատանդները։
«Կարծում եմ, Ադրբեջանում համաներումները պայմանավորված են ներքաղաքական ու այլ գործոններով, դրա համար չեն ազդելու հայ պատանդների վրա։ Նույնիսկ Վիգենի։ Մենք պետք է արձանագրենք, որ գերիների ազատ արձակումը կորցրել է իր մարդասիրական բնույթը»,-ընդգծել է հայտնի իրավաբանը։
Ս. Սահակյանը փաստեց, Ադրբեջանը երբեք էլ մարդասիրական դիտանկյունից չի մոտեցել խնդրին, գերիների հարցը լրացուցիչ լծակ է՝ երաշխավորելու քաղաքական նշանակության հարցերում Հայաստանի իշխանությունների զիջումները։
«Նախկինում էլ ունեցել ենք դեպքեր, երբ ընտանիքի անդամները կրկին մարդասիրական նկատառումներով դիմել են Ադրբեջանի նախագահի տիկնոջը, սակայն դրան չի հաջորդել մարդասիրական ժեստ։ Բոլոր ազատ արձակումների հիմքում դրված են քաղաքական հարցերում կամ առաջընթացներ, կամ զիջումներ։ Օրինակ, գերիներն ազատ են արձակվել, երբ հայկական կողմը տրամադրել է ականապատ տարածքների քարտեզները, կամ Հայաստանը տրամադրել է քաղաքական աջակցություն COP29-ի հյուրընկալման համատեքստում։ Գերիների վերադարձի միջոցով Ադրբեջանը մեծացրել է Հունգարիայի կառավարության հեղինակությունն այն պարագայում, երբ Հունգարիան Սաֆարովի անպատժելիության գործում գլխավոր դերակատարն էր։ Այսինքն, ադրբեջանական կողմը միշտ ստացել է օգուտներ մարդասիրական խնդիր լուծելու առաջ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ քանի դեռ ինչ-որ չափով լուծված չեն սակարկման առարկա դարձած հարցերը, Ադրբեջանի իշխանությունները նոր ազատ արձակում չեն կազմակերպի։
Հարցին, այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Վիգեն Էուլջեքյանի կնոջ՝ օգոստոսին ուղարկված նամակի նոր հրապարակայնացումը, Սահակյանն ասաց՝ հնարավոր է՝ այն ունենա քարոզչական նպատակ։
«Քանի որ Վիգենի ընտանիքը հիմա բարձրաձայնում է նրա առողջական կրիտիկական վիճակի, խնդիրների մասին, հայցում է միջազգային հանրության աջակցությունը, հնարավոր է՝ որպես շանտաժի ձև նրանք ընտրեն այս նամակի հրապարակումը՝ ցույց տալու, որ ընտանիքը դիմել է նաև Ադրբեջանի իշխանություններին և կարևորում է աշխատանքը հենց Ադրբեջանի իշխանությունների հետ՝ ազատ արձակումը հնարավոր դարձնելու նպատակով։ Իմ կարծիքով, այն ավելի շատ քարոզչական նպատակ ունի, քան իրավաչափ նպատակին ծառայող քայլ է»,-ասաց գերիների շահերի պաշտպանը։
Հիշեցնենք, որ արգենտինահայ փաստաբան, Տուկումանի համալսարանի ցեղասպանության ուսումնասիրությունների պրոֆեսոր և Բուենոս Այրեսի Սենատի թեկնածու Լուսիանա Մինասյանը հայտնել էր, որ ադրբեջանական տարբեր հարթակներում շրջանառվող նամակը նոր չէ, այն գրվել ու Մեհրիբան Ալիևային է հասցեագրվել այս տարվա օգոստոսի 1-ին։
Panorama.am-ի հետ զրույցում Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդան հայտնեց, որ մինչ օրս էլ նամակին որևէ արձագանք չի ստացել։ Թե ինչու է ամիսներ անց նամակը շրջանառվում, Լինդան չգիտի, բայց դա դրական հույսեր է առաջրել իր մոտ։
«Իմ նամակը տարածվել է ողջ աշխարհով մեկ։ Հույս ունեմ՝ արձագանք կլինի»,-ասաց ավելի քան հինգ տարի Ադրբեջանի բանտերում պահվող Վիգեն Էուլջեքյանի կինը։