կարևոր
1132 դիտում, 3 ժամ առաջ - 2025-12-18 09:32
Իրավական

4 տարով էր արգելանքը` 4 տարին անցել է․ «Հրապարակ»

4 տարով էր արգելանքը` 4 տարին անցել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վանաձոր համայնքի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության երկու անդամ` երկու կին, մանդատը վայր են դրել, հայտնելով, որ պատճառն անձնական է: Նրանք հերքել են, թե իրենց նկատմամբ իշխանության կողմից ավագանու նիստին մասնակցելու պարտադրանք է եղել: Մինչդեռ խմբակցության ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չի բացառում ճնշումների հավանականությունն այս փուլում, քանի որ իշխանությունը տարբեր հարթակներով ընդդիմությանը հորդորում է առաջիկա նիստին ներկայանալ, որտեղ Վանաձորի հաջորդ տարվա բյուջեն ու սուբվենցիոն ծրագրերը պիտի հաստատվեն: Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է առաջիկա նիստին նաեւ համայնքի ղեկավարի ընտրության հարցը դրվի: «Այս երկրում որեւէ մեկը որեւէ գարանտիա չունի, քանի որ ոչինչ չի կատարվում ըստ օրենքի, ես չեմ կարող հստակ եզրակացություն անել:

Ամեն ինչ ավելի շատ կապված է կամքի հետ, այլ ոչ թե օրենքի: Եթե կուզեն` կլինի, եթե չուզեն` չի լինի: Ավագանու նիստերի վրա դատարանի որոշմամբ արգելանք է դրված: Նիստերը չեն կայանում, ապօրինի նիստերի ուղղությամբ ցանկանում են աշխատանքներ տանել, սակայն որեւէ քայլ չի արվել»: Հարցին` իսկ ե՞րբ է հանվելու համայնքապետ ընտրելու նիստի արգելքը։ Ասլանյանն ասաց. «4 տարով է եղել արգելանքը, 4 տարին անցել է, բայց չեմ կարող ասել, թե երբ կհանվի արգելանքը: Եթե լինի նիստ, մենք մեծամասնություն ենք: Էնտեղ մենք ենք` չկան իրենք: Եթե որոշենք, որ մասնակցելու ենք պրոցեսին, կառաջադրվեմ: Բայց քանի որ օրենքով չեն շարժվում մարդիկ, ես էլ չեմ կարող հստակ ասել, թե ինչ կլինի»: