կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-15 09:50
Հասարակություն

Վարորդների բողոքը շարունակվում է

Վարորդների բողոքը շարունակվում է

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանn այսօր  ընդունել է Շիրակի մարզի վրացական համարանիշերով ավտոմեքենաների 60 վարորդների:

 

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում վարորդները նրան են ներկայացրել այն խնդիրները, որոնց առջեւ իրենք հայտնվել են Հայաստանի մաքսային օրենսդրության վերջին փոփոխությունների հետեւանքով: Վարորդները բացատրել են, որ իրենք ի վիճակի չեն 10-15 օրում հայթայթել եւ պետությանը վճարել այնպիսի ահռելի գումարներ, ինչպես ՊԵԿ-ում հաշվում են իրենց մեքենաների մաքսազերծման համար:

 

Քաղաքապետ Վ.Ղուկասյանը, ըստ վարորդների, իր աջակցությունն է հայտնել նրանց` ասելով, թե նրանց բողոքն արդարացի է, կիսում է նրանց մտահոգությունը, կանգնած է նրանց կողքին, ինքն էլ այդ հարցով դիմել է Հայաստանի նախագահին:

 

Քաղաքապետը խորհուրդ է տվել չքաղաքականացնել խնդիրը:

 

Այնուհետեւ վարորդները այցելել են Գյումրիում ՀՀԿ գրասենյակներից մեկը` ակնկալելով այնտեղ հանդիպել ՀՀ ԱԺ պատգամավոր Ս.Ավետիսյանին եւ հիշեցնել, որ իրեն այդ հարցով մեկ շաբաթ առաջ դիմում են հղել: Պատգամավորին տեղում չգտնելով` գրասենյակի աշխատակիցներին են փոխանցել դիմումի եւս մեկ օրինակ` փոխանցելով, որ սպասում են պատգամավորի պատասխանին: Գրասենյակի աշխատակիցներից մեկը փորձել է խեթել նրանց, թե իրենք ընտրե՞լ են  Ս.Ավետիսյանին, որ պահանջներ են առաջադրում` նկատի ունենալով այն հանգամանքը, որ պատգամավորը ընտրվել է ոչ թե մեծամասնական, այլ համամասնական ընտրակարգով:

 

Վարորդները հանդիպել են նաև  Հայ աԱռաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ` նրան հաղորդելով իրենց մտահոգությունները խնդրի շուրջ եւ խնդրելով սատարել իրենց: Վարորդները թեմի առաջնորդին բացատրել են, որ ստիպված են կա'մ շտապ` կես գնով իրենց մեքենաները վաճառել Վրաստանում, կա'մ փորձել Վրաստանի քաղաքացիություն ստանալ: Նրանք արդեն պարզել են, որ հարկավոր է Վրաստանի ցանկացած քաղաքում համապատասխան պետական գրասենյակ ներկայացնել նոտարի կողմից վավերացված ծննդյան վկայականը, անձնագրի պատճենը, երկու լուսանկար, Վրաստանի 2 քաղաքացու երաշխավորագիր եւ վճարել համապատասխան գումար` 80 օրում քաղաքացիություն ստանալու համար` 200 լարի, 60 օրում ստանալու համար` 300 լարի, իսկ 30 օրում քաղաքացիություն ստանալու համար` 400 լարի:

 

Թեմի առաջնորդը հայտնել է, որ խնդիրն, իրոք, մտահոգող է, եւ եկեղեցու սպասավորների շրջանում նույնպես կան հոգեւորականներ, որոնք այդ խնդրի առաջ են կանգնած: