կարևոր
2299 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-30 16:22
Քաղաքական

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը հանդիպել է տաքսու վարորդների հետ

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը հանդիպել է տաքսու վարորդների հետ ու քննարկել դաշինքի առաջարկները։

Ի հակադրություն ՀՀ կառավարության մտադրության՝ 2024 թ․ սեպտեմբերի 1-ից մտցնել նոր հարկատեսակ, որն, ակնհայտորեն, կբարձրացնի տաքսի ծառայության գինը՝ «Մայր Հայաստանն» առաջարկում է հետեւյալ մոդելը․ «Ցանկացած բիզնես գործունեություն, որի շրջանառությունը չի անցնի տարեկան 30 մլն դրամը, պետք է ընդհանրապես ազատվի հարկերից, իսկ տարեկան մինչեւ 180 մլն դրամ շրջանառության դեպքում վճարի տարեկան 1 տոկոս շրջանառության հարկ։ Այս առաջարկը նախատեսվում է 10 տարվա համար»։

Անդրանիկ Թեւանյանը հավելեց, որ կոնկրետ տաքսի ծառայության լիցենզիան պետք է ներառի տեխզննումը, բժշկական վճարումը եւ անկանխիկ վճարման հնարավորությունը։ Սրանով կֆիքսվի շրջանառությունը եւ տրամաբանական կդառնա մինչեւ 30 մլն դրամ շրջանառության դեպքում հարկերից ազատելը, իսկ մինչեւ 180 մլն դրամի դեպքում՝ 1 տոկոս շրջհարկ գանձելը։

Տաքսիստները՝ որպես ընթացիկ խնդիր, առանձնացրին տաքսիների կայանման վայրերն այլ մեքենաների զբաղեցնելու դեպքում պատժի խստացումը։ Նրանք հավանության արժանացրին դաշինքի առաջարկը՝ բոլոր բիզնեսների համար իսկապես հավասար դաշտ ստեղծելու մասին։

Անդրանիկ Թեւանյանը նաեւ ընդգծեց, որ այս ամենն իմաստ կունենա եւ իրականություն կդառնա միայն ամբողջական իշխանափոխության պարագայում։ Նա կոչ արեց միանալ «Մայր Հայաստանին» եւ մասնակցել դաշինքի՝ ամբողջական իշխանափոխության ծրագրին։