կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-01 10:09
Առանց Կատեգորիա

Բարոյազրկման գագաթնակետ

Բարոյազրկման գագաթնակետ

Վայքի ծննդատան վարիչի՝ նորածին երեխային մահվան դուռը հասցրած հրեշավոր անփութությունը, անպատիժ մնալու վստահությունը, բարոյականության ու առաքինության սահմաններից դուրս լկտի պահվածքը ոչ միայն զուտ մարդկային տեսակի, այլեւ մեզանում ձեւավորված արատավոր բարքերի արգասիք է: Դրանք երբեք չէին լինի, եթե համակարգը կանգնած լիներ ոչ թե մարդկային կերպարն իսպառ կորցրած անձանց ու նրանց անձեռնմխելիության երաշխավորը դարձող չինովնիկների, այլ իր քաղաքացու իրավունքների, կարիքների թիկունքին:

Որքան պետք է խորը լինի քաղաքացու անվստահությունը սեփական իշխանության նկատմամբ, որ կուլ տա նույնիսկ իր երեխային կործանման հասցրած բժիշկների հանցավոր անգործությունը, անգամ չհամարձակվի տեւականորեն բարձրաձայնել կատարվածի մասին: Որքան պետք է ներսից քայքայված լինի համակարգը, որ անտարբերության մատնի մասնագիտական անգրագիտության աններելի փաստը, հանդուրժի նման «մսագործի» գոյությունը, կատարվածին արձագանքի միայն դեպքից մոտ 20 օր անց, այն էլ` մամուլի անդրադարձից հետո:

Համատարած այս խեղճությունը, հարմարվողականությունը, լկտիությունը, անպատժելիությունն ու պաշտոնեական, մասնագիտական անպատասխանատվությունն արդեն հասնում են կործանարար, պետության իսկ գոյությունը վտանգող սահմանագծի: