Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի իշխող կոալիցիայի ներսում ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում լարվածությունը, կարելի է ասել, հասել է գագաթնակետին: Երեկ լարվածությունը տեղափոխվել էր խորհրդարան, այնպես որ, իրար հետ ջերմորեն շփվող ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական պատգամավորները երկու օր է, ինչպես ոմանք խոստովանեցին, համարյա չեն շփվում, որպեսզի ավելորդ լարում չառաջանա:
Մեզ հասած տեղեկություններով` նախօրեի առավոտյան նախագահական նստավայրում ԲՀԿ-ին հստակ պահանջ է ներկայացվել կողմնորոշվելու եւ ասելու` համագումարում սատարելո՞ւ է Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ: Հակառակ պարագայում ԲՀԿ-ին ասվել է, որ պետք է դուրս գա իշխող կոալիցիայից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շաբաթ օրը ԲՀԿ-ն հավաք էր արել, որտեղ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում դառնալ ՕԵԿ: Նախագահականում Գագիկ Ծառուկյանը 4 օր ժամանակ է խնդրել` ասելով, թե գնում է Մոսկվա, կգա` կպատասխանի: Նա Հայաստան է վերադառնալու հինգշաբթի երեկոյան, իսկ ուրբաթ առավոտյան ԲՀԿ-ն պետք է պատասխանի. թերեւս Ծառուկյանը կրկին կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ:
Որոշ տեղեկություններով` ԲՀԿ առաջնորդը ցանկացել է պատասխանել փետրվարի 17-ին` համագումարից հետո, սակայն Սերժ Սարգսյանը պնդել է, որ պատասխանը պետք է լինի մինչեւ համագումարը: ԲՀԿ որոշումից է կախված նաեւ` Սերժ Սարգսյանը կգնա՞ ԲՀԿ համագումարին, թե՞ ոչ:
Եթե տեսնենք նրան ԲՀԿ համագումարում, ուրեմն ԲՀԿ պատասխանը դրական է, եւ սատարելու առթիվ հայտարարություն կլինի: Հակառակ պարագայում ԲՀԿ-ն դուրս է գալու կոալիցիայից:
Մեզ հասած տեղեկություններով` ԲՀԿ-ն չի ուզում հայտարարել Սերժ Սարգսյանին սատարելու մասին` գիտակցելով, որ այդ պարագայում դառնալու է ՀՀԿ-ի կցորդ կամ ՕԵԿ-2: Միեւնույն ժամանակ, ԲՀԿ-ն չի ուզում լքել կոալիցիան, քանի որ հասկանում է, թե ինչ կկատարվի իր վարչական լծակների եւ, ինչու չէ, ունեցվածքի հետ, եթե չունենա լծակներ:
Ի դեպ, երեկ արդեն տեղեկություններ էին շրջում, թե իշխանությունն աշխատում է ԲՀԿ գործարարների վրա ճնշում գործադրելու ուղղությամբ, որ երբ ԲՀԿ-ն չհայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին ու դուրս գա կոալիցիայից, գործարարները լքեն կուսակցությունը: