կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-04 19:10
Հասարակություն

Ընտրություններին մոտ 70 մլն քվեաթերթիկ կլինի, դրանց տպագրության համար կծախսվի 460 մլն դրամ․ ԿԸՀ նախագահ

Ընտրություններին մոտ 70 մլն քվեաթերթիկ կլինի, դրանց տպագրության համար կծախսվի 460 մլն դրամ․ ԿԸՀ նախագահ

ԱԺ արտահերթ ընտրությունների քվեաթերթիկների քանակը 26 մասնակից ուժերի պարագայում լինելու է մոտ 70 միլիոն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար միայն քվեաթերթիկների տպագրությանը կուղղվի 460 մլն դրամ»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Մուկուչյանը նշեց, որ ինքնին նշված ծավալները ենթադրում են առանձին ծանրաբեռնվածության աճ, որը պետք է իրականացվի: 460 միլիոնի շրջանակներում գումար է ծախսվելու միայն քվեաթերթիկների տպագրություն իրականացնելու համար:

Անդրադառնալով դիտարկմանը, թե մտահոգություններ կան, որ այս ընտրություններին ցածր մասնակցություն կարձանագրվի, արդյո՞ք ակտիվություն նկատվել է այն մարդկանց շրջանում, որոնք գրանցված են մարզերում, բայց փաստացի բնակվում են Երևանում, Մուկուչյանն արձագանքեց, թե կդժվարանա մասնակցության վերաբերյալ որևէ տեսակետ հայտնել։

«Պետք է նկատել, որ բավականին մեծ թվով ուժեր են մասնակցում ընտրություններին, և մասնակցության վերաբերյալ միանշանակ դատողություններ անելը, կարծում եմ, ժամանակավրեպ է։ Անձինք, որոնք ցանկանում են քվեարկել ըստ գտնվելու վայրի, մինչև հունիսի 10-ը դիմելու իրավունք ունեն․ այս պահին մեզ նման տեղեկատվություն չի փոխանցվել ամփոփված վիճակում»,-ասաց նա։

ԿԸՀ նախագահը նշեց, որ քարոզարշավն ընդամենը 12 օր է տևելու, և ցանկացած նորմի խախտում հայտնաբերելու դեպքում արձագանքը պետք է լինի օպերատիվ։

«Որոշ թեկնածուներ՝ մոտ 2-3, ինքնաբացարկ են հայտնել, ու առաջիկա նիստերի ընթացքում այդ դիմումների վերաբերյալ որոշումներ կկայացվեն»,-ասաց Մուկուչյանը։