կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-25 04:03
Քաղաքական

Քաղաքապետարանի մոտ ցույցը կշարունակվի

Քաղաքապետարանի մոտ ցույցը կշարունակվի

Այսօր Երեւանի քաղաքապետարանի մոտ դարձյալ հավաքվել էին փողոցային առեւտուրն արգելող օրենքից դժգոհ մարդիկ: Ոստիկաններն էլ, որոնք, ի դեպ, դարձյալ ցուցարարներից շատ էին, չէին թողնում մոտենալ քաղաքապետարանի շենքին. համոզում էին, որ խնդիրը լուծված է եւ պահանջում էին հեռանալ: Ցուցարարները բողոքում էին` «Բա, շաբաթ օրն ասում էիք` էսօր ոչ աշխատանքային ա, գնացեք, երկուշաբթի կգաք, հիմա եկել ենք, թող մեզ ընդունեն»:

 

Ոստիկանները համոզում էին` չփակել մայթը եւ հավաքվել քաղաքապետարանին հարակից այգում: «Գնամ բողոքս ծառերին ասե՞մ, ես քաղաքապետի մոտ եմ եկել ու վերջ»,- բողոքում էր մի թոշակառու:

 

ՊՊԾ պետի տեղակալ Խաչիկ Ավետիսյանն ասաց, որ առեւտրականներին տարածքներ են հատկացրել համայնքներում եւ խորհուրդ տվեց դիմել թաղապետարաններ: «Որ տարածք հատկացրած լինեին, կգնայինք կաշխատեինք, էլի՞, հո մենք աննորմալ չենք, որ նորմալ տեղը թողնենք, գանք ստեղ, մեր համար ամեն մի օրը նշանակություն ունի, կգնայինք, կաշխատեինք»,- հակադարձեցին նրան:

 

Ցուցարարները պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները, բաց-նամակ ներկայացնել Ռիտա Սարգսյանին, հասնել նախագահական կամ կառավարություն, միայն թե հաջողվի լուծել իրենց հանապազորյա հացի խնդիրը: