Պետեկամուտների կոմիտեի անթափանցիկ պաշտոնական կայքը
Այսօր խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն լրագրողներին ներկայացրեց անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին ՀՀ պետական մարմինների պշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքները: Պետական իշխանության մարմինների տեղեկատվական թափանցիկության ամփոփիչ վարկանշային աղյուսակի վերջին` 23-րդ տեղում Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքն է: Այն ունի ընդամենը 3.2 տոկոս թափանցիկություն: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի խոսքով, ՊԵԿ կայքն անհասկանալի կարգավիճակ ունի. «Որպես կոմիտեի կայք այնտեղ համարյա ոչ մի տեղեկություն չկա: Կայքի այցելուն տեսնում է երկու այլ կայքեր` մաքսային եւ հարկային ծառայությունների, այն դեպքում, երբ կոմիտեի կազմում նման ստորաբաժանումներ չկան»,-ասում է նա` հավելելով, որ «Հարկային ծառայություն» անվանվող կայքում թե’ «Հարկային ծառայության կենտրոնական ապարատի կառուցվածքը», թե’ «Մաքսային ծառայության ապարատի կառուցվածքը» հղումը սեղմելիս` ցուցադրվում է ՊԵԿ կառուցվածքը: Փորձագետի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են նման շատ միատեսակ տեղեկությունների համար երկու առանձին կայքեր բացվել, երբ կարելի էր միայն մեկ` հենց ՊԵԿ կայքում ամեն ինչ ունենալ: Նշենք, որ վարկանշային աղյուսակում 21-րդ եւ 22-րդ տեղերում են ՀՀ ոստիկանության եւ Արդարադատության նախարարության կայքերը,իսկ առաջին եռյակում են համապատասխանաբար` Տրանսպորտի եւ կապի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Կրթության եւ գիտության նախարարությունների պաշտոնական կայքերը: